30  08  2019

Շնորհավոր և․․․ ներողություն․ Panorama.am

Շնորհավոր և․․․ ներողություն․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Մեծարգո Նախագահ, հարգելի  պարոն Ռոբերտ Քոչարյան,  շնորհավոր Ձեր 65-ամյակը։ Եվ անսահման շնորհակալություն․․․

- ․․․ Որ Ձեզ վրա վերցնելով մեծագույն պատասխանատվություն՝ ստանձնեցիք Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարումը  դժվարագույն  ժամանակահատվածում և հաղթեցիք  պատերազմական ու տնտեսական մարտադաշտերում։ Որ 1992 թվականի օգոստոսին, կերոսինի լամպի տակ, մեկ գիշերում կազմեցիք ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կանոնադրությունը։ Որ հմուտ կառավարմամբ և   ողջ ազգաբնակչության զարմանալի միասնականությամբ  հաղթեցիք   անհաղթահարելի թվացող հակամարտությունում։

-․․․Որ ամեն ինչից վեր դասելով հայկական երկու պետությունների շահերը՝ թողեցիք ԼՂՀ նախագահի 88.91 տոկոս  լեգիտիմությամբ պաշտոնը, և 1997թ․ տեղափոխվեցիք Երևան՝ խորապես գիտակցելով, որ առանց ուժեղ և  տնտեսապես   կայուն Հայաստանի անորոշ ու վտանգված  կլինի նաև   Արցախի ապագան։

- ․․․ Որ որպես  ՀՀ վարչապետ,  ընդամենը 10 ամսում մարեցիք կենսաթոշակների և աշխատավարձերի տարիներով կուտակված պարտքերը։ Իսկ որպես 1998-2008թթ․ ՀՀ նախագահ՝ անլույս-անհույս- անգազ Հայաստանը դարձրեցիք կայուն զարգացող երկիր։ Որ  վերականգնեցիք  տեղական  արտադրությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, գորգագործությունն ու  գինեգործությունը, գյուղմթերքի վերամշակումը։  Որ սերունդներին թողեցիք օդանավակայանն  ու    Հյուսիսային պողոտան, նոր որակ հաղորդեցիք Հայաստան -Սփյուռք  փոխհարաբերություններին։

-  ․․․ Որ Ձեր նախագահության օրոք երկու անգամ   կասեցրիք օտարների սցենարով և ներքին ռևանշիստների ձեռքով  Հայաստանը Ուկրաինա, Սիրիա կամ Լիբիա դարձնելու փորձերը․ 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ շանտաժի չտրվելով  ամուր պահեցիք պետության ղեկը, իսկ 2008-ի մարտի 1-ին  պահպանեցիք ՀՀ Սահմանադրական կարգը։  Երկու դեպքում էլ չմտահոգվելով  սեփական  վարկանիշի մասին՝  առաջնորդվեցիք    պետության շահով, բայց ճակատագրի հեգնանքով  հիմնականում հենց այդ իրադարձությունների շուրջ    հյուսվեցին բացասական միֆերը Ձեր մասին։

- ․․․ Որ գրեցիք «Կյանք և ազատություն» գիրքը, որը միայն  Ձեր կենսագրությունը չէ, այլ 20-րդ դարի գրեթե երեք խորհրդահայ սերունդներինը։  Գրեցիք անկեղծ գիրք, մարդկանց ու իրադարձությունները ներկայացնելով տվյալ  պահի  իրողությամբ՝ առանց հետին թվով սրբագրումներ անելու,  վեր կանգնելով հետագայում ունեցած հարաբերություններից   ու  գնահատականներից։  Եվ որքան էլ այսօր կամ  հետագայում փորձ արվի սրբագրել ու խմբագրել Հայաստանի նորագույն պատմությունը՝   «Կյանքի և ազատության» նման գրքերն  ի չիք կդարձնեն բոլոր կեղծիքներն ու վերաշարադրումները։

- ․․․ Որ 2018 թ․ հուլիսի 28-ից մինչ օրս, ենթարկվելով խայտառակ ապօրինություններով լցված և արդարադատության հետ որևէ կապ չունեցող բացահայտ քաղաքական հետապնդման՝ պահպանում եք  Ձեր արժանապատվությունն ու տոկունությունը՝  ինքներդ «նեղ տեղից» մեծ հույս ու հավատ փոխանցելով Ձեր աջակիցներին։Շնորհակալություն պարոն Նախագահ․․․ և ներողություն ՀՀ այն քաղաքացիների  անունից, ովքեր ամոթով ու անզոր զայրույթով են ընդունում Ձեր հանդեպ կատարվող վենդետան։ Ովքեր հույս են փայփայում, որ Սահմանադրական դատարանը կուլ չի գնա պետական ճնշումներին կամ «ցմահ թոշակի» սին խոստումներին։  Ովքեր  վստահ են, որ արդեն սկսվել է «թավշյա» իշխանությունների գոյության   հետհաշվարկը, և երազում են, որ դատավորները ևս դա տեսնեն   և չվախենան օրենքներով առաջնորդվելուց։ Ովքեր կանխատեսում են, որ   այս բոլոր  երկնագույն-վարդագույն փուչիկները հօդս են ցնդելու այս իշխանությունների հեռանալու հետ միասին։ Բայց  երբեք ներման արժանի չեմ համարում այն մարդկանց,  ովքեր ուրացել-մոռացել են իրենց իսկ կյանքը, ովքեր անմեղսունակների նման կլանել են հակաքոչարյանական քարոզի թույնը, ովքեր   կրել են  «Քոչարյան հանցագործ» մակագրությամբ շապիկ։ Եվ   ո՛չ էլ Գյումրու ավագանուն, որը 2018թ-ին  զրկեց  Ձեզ Գյումրու Պատվավոր քաղաքացու կոչումից։  Եվ  ո՛չ էլ  Ձեր օրոք դատավոր դարձած  ու Ձեր նկատմամբ օրենքի կոպտագույն խախտում կատարած Դանիելյանին․․․  քանի որ նրանք հատել-անցել  են տարրական մարդկայնության սահմանները  (+ իհարկե պատվիրատուները, ում անուններն այստեղ անգամ  նշվելու արժանի չեն)․․․Ներողություն եմ խնդրում  այն մարդկանց անունից, ում  համար խորը  վիրավորանք է Ձեր ապօրինի կալանքի ամեն մի օրը, քանի որ Դո՛ւք եք ընկալվում  որպես պետականության խորհրդանիշ։

Շնորհավոր  Ձեր հոբելյանը, պարոն Նախագահ։ Ուժ ու  կորով  Ձեզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ