28 08 2019

«Վազգեն՝ նախագահ». իրական օրակարգ. top-news.am

«Վազգեն՝ նախագահ». իրական օրակարգ. top-news.am

top-news.am-ը գրում է.

«Բազմաթիվ անգամ ասվել, գրվել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն, իրականացվող քայլերը, մեղմ ասած, պետության շահերից, ՀՀ քաղաքացիների շահերից չեն բխում: Ասվելը՝ ասվել է, գրվելը՝ գրվել է, բայց հասցեատերն այն համառորեն չի նկատում կամ չի ընդունում:

Մենք համոզված ենք, մենք բազմաթիվ անգամ շեշտել ենք, որ երկիրը պետք է առաջ շարժվի, որ երկրի զարգացումն ապագայում է եւ ոչ թե անցյալում: Անցյալից պետք է հետեւություններ անել, դասեր քաղել, շրջել էջը եւ առաջ շարժվել:

Այլ համոզման են իշխանությունները, որոնք համառորեն մեզ դեպի հետ են տանում, փորփրում անցյալի էջերը, մեզ պահում այնտեղ:

Օրերս անգամ կառավարության կողմից քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվում է նաեւ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը, սահմանադրական բարեփոխումների անցկացումը:

Իհարկե, կարելի է անվերջ կրկնել, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, բայց եթե իշխանության ղեկի մոտ գտնվողները մեզ խաղի այս կանոնն են պարտադրում, ապա այն ընդունում ենք եւ շարժվում առաջ:

Եւ նույն իշխանությունների պարտադրած խաղի տրամաբանության մեջ մտնելով, առաջ շարժվելու փոխարեն հետ գնալով մենք հասնում ենք 1996թ. սեպտեմբեր եւ մեզ թույլ տալիս հանգել հետեւյալ հետեւության՝ Վազգեն Մանուկյանը ՀՀ նախագահն է:

Լեգիտիմությունը վերականգնելու տրամաբանությամբ հետ շարժվելով մենք հասնում ենք այն կետին, որ երկրի ընտրված նախագահը Վազգեն Մանուկյանն է, ինչը նրան թույլ է տալիս առանձնահատուկ դերակատարում ստանձնել նոր իրողություններում եւ առաջին հերթին դառնալ այս երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ, այս երկիրն իսկապես սիրող բոլոր ուժերի միավորման մագնիսը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Եթե իշխանությունների նպատակը արդարության վերականգնումն է, ապա մենք ընդունելով այս խաղի կանոնը պնդում ենք, որ Վազգեն Մանուկյանը պետք է հայտարարվի ընտրված նախագահ»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ