26 08 2019

Շվեդիայի խորհրդարանի նախագահի պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ-ում

Շվեդիայի խորհրդարանի նախագահի պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մեծարգո պարոն խոսնակ,

հարգարժան գործընկերներ,

դեսպաններ,

ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Բավականին թարմ են տպավորություններս հունիսին Ստոկհոլմում մեր պատվիրակության հանդիպումներից, որոնք նոր էջ բացեցին մեր երկու խորհրդարանների փոխհարաբերություններում:

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ ձեր պաշտոնական այցը մեր երկիր: Գիտեմ, որ նման կազմով Շվեդիայի խորհրդարանի խոսնակը ճամփորդում է չորս տարին մեկ անգամ, եւ մենք երախտապարտ ենք, որ դուք ընտրել եք Հայաստանն այս անգամ: Կարծում եմ, որ սա լավագույն գնահատականներից մեկն է հայ ժողովրդի կողմից անցյալ տարի իրականացված ժողովրդավարական փոփոխություններին, որոնք մեր եւ ձեր նման գործիչների ջանքերի շնորհիվ դառնում են անշրջելի: Նման այցերը նպաստում են նաեւ մեր քաղաքական երկխոսության ընդլայնմանը, որն ակտիվորեն զարգանում է:

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ձեռնարկում են հաստատակամ քայլեր՝ ուղղված ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացի իրականացմանը:

Ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունից եւ դեմոկրատական փոփոխությունների հռչակումից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ եւ այդ գործընթացներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Այս համատեքստում մենք ուրախ ենք արձանագրել այս մոտեցումը եւ շատ բարձր ենք գնահատում այն:

Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր: Մեզ համար օրինակելի է եւ ոգեւորիչ Շվեդիայի իշխանությունների կողմից որդեգրված եւ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը հասարակությունում կանանց դերի բարձրացման հարցում: Կարծում եմ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կին գործընկերներս՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը, հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ մյուսները հիանալի օրինակ են կանանց համար եւ վստահաբար առաջ կտանեն կանանց զորեղացմանն ուղղված օրակարգը: Բացի այդ, Հայաստանը հայեցակարգային մոտեցում է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների եւ միջազգային նորմերի կիրառումն ապահովելու հարցում, եւ մենք բարձր ենք գնահատում Շվեդիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին: 

ՀՀ Ազգային ժողովի համար չափազանց մեծ նշանակություն ունեն համապարփակ միջխորհրդարանական շփումները. այս համատեքստում ցանկանում եմ ողջունել մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնում, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան նշանակում է նաեւ, որ սերտ համագործակցություն կհաստատվի խմբակցությունների միջեւ:

Մեզ համար կարեւոր է նաեւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Ցանկանում եմ ընդգծել շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեդիայի որդեգրած հավասարակշիռ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը համահունչ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ մեր երախտիքն եմ հայտնում Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության դատապարտման համար:

Շնորհակալություն եմ հայտնում 2019թ. մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար: Այժմ մեզ համար կարեւոր է համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Ամփոփելով խոսքս` վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու եւ խորացնելու մեր կառուցողական երկխոսությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Անդրեաս Նորլենը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Մենք քննարկում ենք հնարավորություն` սկսելու լուրջ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգետիկայի ուղղություններով, ինչպես նաև հանքարդյունաբերության, թափոնների կառավարման, և բազմաթիվ այլ ուղղություններով: Սրանք ուղղություններ են, որտեղ Շվեդիայի փորձն իսկապես օրինակելի է մեզ համար»,- ԶԼՄ-ների համար արված հայտարարությունում ասաց Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ