26 08 2019

Հիշողության մթագնումներ 2․ Panorama.am

Հիշողության մթագնումներ 2․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։Ե՛վ հռչակագիրը, և՛ հանրաքվեն կազմակերպել,  իրականացրել  ու պատերազմում անշրջելի իրողություն են դարձրել Արցախի ազատության ու անկախության համար կյանքը զոհասեղանին  դրած մարդիկ։

Հերոսներ, որոնցից, ավաղ, ոչ բոլորը կկարողանան ներկա գտնվել 2019թ․ սեպեմբերի 2-ին Ստեփանակերտում  ԱՀ Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությանը․․․Իսկ  հայաստանյան պետական պատվիրակությունը   կազմված կլինի մթագնված հիշողությամբ իշխանավորներից, որոնց «կենացներին»  ոչ  ոք այլևս չի հավատում։ 

Իշխանափոխության այս մեկ տարին ցույց տվեց, որ տոնական առիթներով ՀՀ ղեկավարության ուղերձները և միասնության հավաստիացումներն  իրականության հետ բացարձակապես կապ չունեն։ 

Մեր աչքի առաջ կատարվող իրականությունն է՝

- Ղարաբաղյան կարգավորման  մեկամյա  անհասկանալի  բանակցությունները։

 - Հայաստանի և Արցախի միջև արհեստական լարվածություն ստեղծելը։

Հիշենք թեկուզ  Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» հրապարակային սպառնալիքը, որի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։  Կամ  այն, որ մինուս 24 վարկանիշ ունեցող  դատավոր Դանիելյանը  համարձակվեց չեղյալ համարել Արցախի երկրորդ և երրորդ նախագահների՝ Արցախի առաջին  նախագահի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը։ Որևէ մեկը թող չերազի, թե երբևէ այս փաստերը  կմոռացվեն կամ կներվեն։ 

 -  Միջամտությունը Արցախի ներքին հարցերին, ընդհուպ կադրային ազատումների պարտադրանք։

-  Արցախյան ազատամարտի հերոսների հետևողական  վարկաբեկում։

- Վերջին մեղքն էլ Արցախում սորոսյան ախտի  տարածման  փորձն է ՝ ի դեմս առաջիկա ԱՀ ՏԻՄ ընտրություններում երկու սորոսածին ՀԿ-ների   Հայաստանի  բյուջեից  33 մլն 680 հազ. դրամ հատկացնելը։ 

Ինչո՞ւ են ֆինասավորվում  հենց այդ կազմակերպությունները։ Ստացվում է, որ  հիմա էլ  հայ հարկատունե՞րն են  նպաստում  սորոսյան  թույն ու թարախը Արցախում տարածելուն․․․

Հույս ունենաք, որ արցախցիներն իրենց բնատուր խորաթափանցությամբ այս փորձանքն էլ կհաղթահարեն։  Վերոնշյալները սոսկ մի փոքր մասն են այն ամենի, ինչն այսօր սրացնում է  Արցախին սպառնացող վտանգի զգացողությունը։

Ասենք   2018-ի մայիսից սկսած, այս իշխանությունների «գալուստը» ենթագիտակցորեն կապվում է ղարաբաղյան կարգավորման ոչ հայանպաստ զիջումների հետ։ Կասկածներն ավելի  խորացրեցին «թավշյա Հայաստանի»   քաղաքական արենայում հհշ-ական այն ուժերի վերակենդանացումն ու ակտիվացումը, որոնք  90-ականներին,  Լ․Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պատրաստ էին Ադրբեջանին նվիրել Արցախի անկախությունը։

Եթե ոմանց հիշողությունը մթագնել է՝  հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության նվաճողներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց ապազգային ուժերին իրականացնել այդ ծրագիրը, և  1998-ի փետրվարին  Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։  Հիմա այդ օրերի պատկերն է  արթնացնում   Արցախը ներսից թուլացնելու փորձեր անող,  հայաստանցի-ղարաբաղցի պառակտիչ թեզը նորովի հրապարակ նետած, հայկական  բանակի իրական մարտունակությունը մայկա-տրուսիկին ստորադասած այս իշխանության գործելաոճը։

Կրկին անգամ ամբոխին կեր է նետված՝  «Արցախը որպես Հայաստանի բարօրությանր խանգարող բեռ»   հայրենադավ մտայնությունը․․․ 

Մինչդեռ իրականում շատ մեծ հարց է, թե այսօր  ո՞վ ավելի շատ օգնության կարիք ունի՝  ներքին ամրությունը պահած Արցա՞խը, թե՝ ոչ կոմպետենտ, ազգ ու հավատ չունեցող կառավարիչների պատճառով պառակտված ու հիվանդ հասարակությամբ Հայաստանը։

Այսօրվա վիճակով Հայաստանն ավելի խոցելի է,  և մեր ամրության պաշարն, անկասկած,  հենց  Արցախից է գալու։Խնդրեմ ապացույցը՝  բանտում գտնվելով հանդերձ, հանգամանքների  չգիտես ինչ խորախորհուրդ դասավորությամբ, դարձյալ ղարաբաղցի  Ռոբերտ Քոչարյանն է դառնում    այն օղակը, որի շուրջ  (կամ պատճառով)  համախմբվում են ապազգային ուժերի դեմ պայքարողները։ Իրականություն դարձած  «Կոնսենսուս մինուս 1» ձևաչափը միավորում է մարդկանց և ուժերի, որոնք կարողանալով վեր կանգնել անձերից ու իրենց նախասիրություններից՝ միավորվում են Հայրենիքի փրկության համար․․․ Ճիշտ ինչպես 28 տարի առաջ միավորվելով՝  հայտնի ու անհայտ հերոսները հռչակեցին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախությունը։  Փառք ու պատիվ իրենց»։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ