23 08 2019

Քաղբանտարկյա՞լ, թե՞ պատանդ. Մարինե Սուքիասյան

Քաղբանտարկյա՞լ, թե՞ պատանդ. Մարինե Սուքիասյան

Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից  ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։

Պատանդի և քաղբանտարկյալի միջև կա որակական տարբերություն։ Քոչարյանի հանդեպ չի պահպանվում դատաիրավական որևէ նորմ։ Նա բանտում է, որովհետև այդպես է ուզում մեկ հոգի։

Քաղբանտարկյալի համար հարմարեցվում է որևէ  հոդված, լինում են դատարավարություններ և հաճախ արտաքուստ  պահպանվում են դատավարական ընթացքի բոլոր նորմերը։

Պատանդի պարագայում այս ամենը բացակայում է։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե Ռ. Քոչարյանին ինչի մեջ են մեղադրում։ Մեղադրող կողմը ինքն է ասում, որ մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի, մեղադրում են մի հոդվածով, որը այն ժամանակ չի եղել, անտեսում են նրա անմեղությունը ապացուցող ցուցմունքների 99 տոկոսը և հենվում ընթացում հերքված 1  ցուցմունքի վրա։

Պատանդի և քաղբանտարկյալի կարգավիճակները տարբերվում են նաև պաշտպանության իմաստով։ Շատ հաճախ քաղաքական հայացքներով այս կամ այն շրջանակները չեն ընդունում կոնկրետ դեպքով «քաղբանտարկյալ» ձևակերպումը։ Սա այդպես է ոչ միայն Հայաստանում։ Բայց պատանդի դեպքում քաղաքական հայացքներ չեն կարող լինել։ Երբ տեռորիստները պատանդ են վերցնում քաղաքացիական ինքնաթիռ, ոչ ոք չի քննարկում ինքնաթիռի ուղևորների քաղաքական հայացքները, կրոնական կամ աշխարհքաղաքական տարբերությունները․նրանք բոլորը պատանդ են, և գործադրվում են բոլոր ջանքերը՝ նրանց ազատման համար։

Ռ. Քոչարյանի պահով նույն վիճակն է։ Ոչ ոք չի պահանջում որևէ մեկից՝ լինել Քոչարյանի քաղաքական համախոհը կամ չի պահանջում՝ ցանկանալ նրա վերադարձը իշխանության։ Ամենևին։ Բայց այսօր բոլոր քաղաքական և այլ տարբերությունները պետք է դնել մի կողմ և հասնել նրա՝  պատանդի կարգավիճակից դուրս գալուն։ Անգամ նրա քաղաքական հակառակորդները կամ «ոխերիմ բարեկամները», լայնախոհ լինելու դեպքում, պիտի հասկանան պահի նրբությունը։ Մեծ հաշվով, միայն Քոչարյանի ազատության մեջ է հնարավոր նրան քննադատել, մեղադրել կառավարման ընթացքում այս կամ այն սխալի, բացթողման կամ տապալման մեջ։ Որովհետև միայն այդ դեպքում նա հնարավորություն կունենա՝ հավասար պայմաններում պատասխանելու, առարկելու կամ նաև՝ համաձայնելու։ Հակառակ դեպքում պատանդառուի հոգեբանություն է՝ զենքի տակ, անազատության մեջ պահվող մարդուն պահանջներ ու մեղադրանքներ ներկայացնել։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ