22 08 2019

Հանրաքվեի դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ. Արմեն Աշոտյան

Հանրաքվեի դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։

Բնական է, որ քաղաքական ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին:

Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության համատեքստում:

Ակնհայտ է, որ հանրաքվեի գաղափարի իրագործումը գործող «սուպերլեգիտիմ», 70 տոկոսանոց, «ալամ աշխարհի» աջակցություն ունեցող իշխանությունների համար կնշանակի Փաշինյանի իշխանության դասական դելեգիտիմիզացիայի գործընթացի մեկնարկը։

Ընդամենը 9 ամիս առաջ համապետական ընտրություններին ժողովրդական աջակցության բացարձակ քվե ստացած քաղաքական ուժն այլևս իրավունք չի ունենա ժողովուրդ ներկայացնել:

Եթե այսպիսի կարևոր ու կենսական հարցերի դեպքում իշխանությունները քաղաքական խիզախություն չեն ունենալու վճռական և վերջնական որոշում կայացնելու, նշանակում է, որ նման հնարավոր հանրաքվեին սահմանադրական ժամկետներում պետք է հետևեն արտահաերթ խորհրդարանական ընտրություններ:

Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը և հետագայում ամեն ինչի համար պատասխանատվությունը կդնեն ժողովրդի վրա:

Հանրաքվեն Նիկոլի համար կլինի իր քաղաքական ապիկարության վերջնական ախտորոշումը։ Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ։

Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե, իրոք, նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ