22  08  2019

Հիշողության մթագնում է պետք ունենալ Քոչարյանի՝ տնտեսական վերելքի տարիները ուրանալու համար. panorama.am

Հիշողության մթագնում է պետք ունենալ Քոչարյանի՝ տնտեսական վերելքի տարիները ուրանալու համար. panorama.am

Հրապարակախոս Լիա Իվանյանը panorama.am-ում գրում է.

«Հաճախ մտածում եմ ՝ ինչո՞վ է պայմանավորված հայության ինչ-որ մի մասի կույր ատելությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Միանշանակ, իր հզոր ազդեցությունն է ունեցել լևոնա-հհշ-նիկոլական   հետևողական քարոզը, որի կուլմինացիաներն էին 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2008-ի մարտի 1-ը, 2018-2019թթ․ ամբողջությամբ։ Բայց հակաքոչարյանական քարոզը   սոսկ բառեր էլ կմնային, եթե մարդիկ այդքան ընկալունակ չգտնվեին խեղաթյուրումների նկատմամբ և հերյուրանքները որպես իրականություն չընդունեին։ Ահա այստեղ էլ գլխավոր հարցն է՝ ինչո՞ւ․․․

Ինչո՞ւ մարդիկ այդքան հեշտորեն տրվեցին խաբկանքին՝ սեփական աչքերով տեսած լինելով տնտեսական վերելքի տասը տարիները։ Պաշտոնական տվյալներով Ռ․Քոչարյանի նախագահության առաջին իսկ տարում՝ 1998թ․ՀՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 7․3 % աճ, իսկ 2007-ը փակվել է 13,7 %-ով։ Առօրյա կյանքում դրանք գազն ու հոսանքն էին, ժամանակին վճարվող կենսաթոշակներն ու աշխատավարձերը, զարգացող բազմաթիվ ոլորտները, տասնյակ հազարավոր բացվող աշխատատեղերը, օրեցօր կարգավորվող կյանքը․․․ Հիշողության մթագնում է պետք ունենալ այդ ամենն ուրանալու համար։

Որոշ մարդիկ թութակի պես կրկնում են՝ «նա թալանել է երկիրը»․․․ Իսկ որևէ մեկը կարող է բացատրել, թե էդ ինչպե՞ս հնարավոր եղավ ոտքի կագնեցնել անդունդի եզրին հայտնված աղքատ երկիրը՝ միևնույն ժամանակ թալանելով այն։ Ի՞նչը թալանեիր, երբ շուրջբոլորն ամեն ինչ ավերված էր։ Կախարդական փայտիկ նախագահ Քոչարյանը չխոստացավ, այլ իր և ուրիշների ամենօրյա աշխատանքով, կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ ապահովեց երկրի զարգացումն ու անվտանգությունը։

Ասում են՝ Քոչարյանը միլիարդներ ունի․․․ Տարուց ավել է քրքրում են Ռ․Քոչարյանի և նրա ընտանիքի ֆինանսները. ո՞ւր են այդ «գողացած միլիարդները»։ Ընթացքում միլիարդները միլիոններ դարձան, տասնյակ սեփականություների մասին միֆերը չհիմնավորվեցին, դատարաններում հերքվեցին զրպարտություններ, բայց միևնույն է՝ 4 միլիարդը ոմանց ուղեղներից դուրս չի գալիս։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ միֆական գումարի ծնունդին, ապա դա 2008-ի հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի նետած խայծն էր, որն ագահաբար կուլ տվեց ամբոխը և ․․․ադրբեջանական քարոզչամեքենան։ Մի՞թե որևէ մեկը կասկածում է, որ եթե 2018-2019թթ․ Ռ․ Քոչարյանի հետապնդման ընթացքում, փոքր ինչ կասկածելի ծագմամբ փող հայտնաբերվեր՝ հիմա մատի փաթաթան դարձրած չէին լինի։ Հետևապես և չկա՛ն այդ առասպելական միլիարդները։

Ասում են՝ «Ղարաբաղից տրեխներով եկավ»․․․ Մոռանո՞ւմ են, որ խոսում են ԼՂՀ նախագահի, դրանից առաջ՝ ԼՂՀ վարչապետի, դրանից առաջ՝ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի մասին։ Պաշտոնի բերումով, նա մինչև Հայաստան տեղափոխվելն էր եղել սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում և միջազգային կարևորագույն հարթակներից ներկայացրել էր Ղարաբաղյան խնդիրը։ Նրա անցած ճանապարհը քչերն են անցել անգամ ողջ աշխարհում ։ Տրեխային հոգեբանությամբ մարդը չէր կարող մինչև 54 տարեկանը «․․․վարչապետ ու նախագահ աշխատել երկու երկրներում՝ ճանաչված ու չճանաչված, ընդ որում նրանց կայացման՝ իրադարձություններով ամենից հարուստ տարիներին» ։ Մեջբերումը Ռ․ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքից է։ Կարդացողն առնվազն ներքուստ կընդունի, որ նա տասնապատիկ անգամ ավելի հագեցած ու բովանդակալից կյանքով է ապրել, քան իրեն պիտակավորողները։

Վերջերս համացանցում աչքովս ընկավ ամպագոռգոռ վերնագրով հոդված՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իբր կատարված սպանությունների մասին։ Հոկտեմբերի 27-ի նահատակների և Տիգրան Նաղդալյանի անուններն այդ շարքում այնքան ակնհայտ են դարձնում ցուցակը կազմողների ստորությունը, որ անգամ ավելորդ է խոսել իրականության հետ դրա որևէ աղերսի մասին։ Ի դեպ, հայկական Վիքիպեդիայում պարոն Քոչարյանին ներկայացնող հոդվածը խիստ թերի է և միակողմանի, ինչը չի պատշաճում հանրագիտարանային նման հարթակին։  

Չմոռանանք նաև, որ վերջերս հակաքոչարյանական քարոզի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանն իր փաստաբանի միջոցով դատարանում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին չի օգտագործել «մարդասպան» բառը։ Դե, ձեզ հավատացողներին   էլ խոստովանեք, որ սկսած 1999 թվականից մնացած բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումներ էլ սուտ ու մտացածին են ։

Ներկայումս հաճախ է հնչում հետևյալ հարցը՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը չէր հերքում   հերյուրանքները։ Թերևս այդ հարցն իրեն պետք է ուղղել որևէ հարցազրույցի ժամանակ։ Չնայած, մյուս կողմից, տեսնելով ՀՀ այսօրվա ղեկավարի կախվածությունն ու կապվածությունը սոցցանցերից ու ճղճիմ պարզաբանումներից, պատասխանն ինքն իրեն է գալիս՝ հերքելու ժամանակ չուներ, որովհետև աշխատում էր։ Իսկական առաջնորդները մանրուքների հետևից ընկնելու սովորություն չունեն․ դնում են հստակ նպատակ և իրագործում են այն՝ չշեղվելով բանսարկությունների ու բամբասանքների վրա։

Սրանք ուժեղ մարդու հատկանիշներ են, իսկ սովորական մարդիկ ուժեղ անհատներին չեն սիրում։   Շատ տարիներ առաջ, երբ ամերիկյան մի ֆիլմում առաջին անգամ լսեցի այդ միտքը՝ զարմացա։ Հետո կյանքը ցույց տվեց դրա ճշմարտացիությունը։ Չեն սիրում, բայց դժվարին պահերին ապավինում են միայն նրանց։

Եվ հիմա հաճախ մտածում եմ, որ նախագահ Քոչարյանի հանդեպ հայության ինչ-որ մի մասի անբացատրելի ատելությունը պայմանավորված է հենց մարդկային այն պարզ նախանձով, որը թույլ չի տալիս ներել քեզնից   ուժեղին, համարձակին, երջանիկին ու հաջողակին։ բայց նաև հիշողության կատարյալ մթագնում է պետք՝ մոռանալու համար, որ Ռոբերտ Քոչարյանի այդ հատկանիշներն ապահովել են մեր երկրի զարգացումը։

Եվ այսօր մի՞թե մեր ազգային խայտառակությունը չէ, որ Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր 65-ամյակը դիմավորելու է բանտում՝ ապօրինի կալանքի տակ, ենթարկվելով քաղաքական հետապնդման։ Անկասկած, այս փորձությունն էլ նա կհաղթահարի․․․ Նա՝ այո, իսկ նրան պիտակավորողնե՞րը։

Հ․Գ․ Քանի որ ապրում ենք աբսուրդների երկրում, պատկերացնենք այսպիսի իրավիճակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանալով շնորհավորել իր վաղեմի ընկերոջ հոբելյանը՝ օգոստոսի 31-ին այցելում է Հայաստան և․․․ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին մեկուսարանում։ Слабо?»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ