21  08  2019

Սերժ Սարգսյանի մասին քո ստերը ուղղակի փուչիկ են․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Սերժ Սարգսյանի մասին քո ստերը ուղղակի փուչիկ են․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախօրեին ժողովրդին սուտ խոստումներ շռայլած, կախարդական փայտիկը կորցրած և սեփական ստերի թակարդում հայտնված Փաշինյանը, իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում հոդվածներ պատվիրելով կամ նույնիսկ գրելով, հերթական անգամ իր ձախողումները փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա:

Հոդվածագիրը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, օրակարգային համարում է ոչ թե Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը, Ամուլսարի խնդիրը, տրանսգենդերության քարոզն ու Արցախյան հարցում մտահոգիչ զարգացումները, այլ հերթական լացակումած ու ֆալշ երգն է երգում թալանի մասին:

Նիկոլ, չի ստացվելու եւ ասեմ՝ ինչու: Նույնիսկ ՀՔԾ-ն՝ քո «ընկեր ջանով», պաշտոնապես հայտարարում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում:

Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի մասին քո ստերը ուղղակի փուչիկ էին եւ են: Դու ստել ես եւ շարունակում ես ստել, թեեւ իշխանության գալով՝ փորձում էիր համոզել, թե նախկինում ասածդ չի բռնում ներկայում ասածիդ, որովհետեւ իրավիճակ է փոխվել, բայց փաստորեն, քեզ մոտ իրավիճակի փոփոխությունն անընդհատական է, քանի որ ստերդ այդպես էլ չեն սպառվում:

Ի տարբերություն հոդվածագիր Փաշինյանի՝ ես գտնում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մեր գլխավոր սպառնալիքներից մեկն է եւ Փաշինյանի աճպարարությունը, թե նախկիններն են ստորագրել, չի անցնելու:

Ստորագրելը վավերացում չէ եւ պարտավորություն չէ, մոնիտորինգի տակ մտնել չէ: Նախկինները վավերացման պարտավորություն չեն ստանձնել: Եվ եթե «ժողովրդի վարչապետը» գնաց վավերացման ճանապարհով, ողջ պատասխանատվությունը նրա ուսերին է լինելու:

Նիկոլ, հերիք է քո սխալները բարդես ուրիշների վրա եւ արդարացնես ապազգային գործողություններդ:

Եվ վերջապես, Ամուլսարի հարցից. Նիկոլ Փաշինյանն է մեղադրել նախկին իշխանություններին Ամուլսարում «կոռուպցիոն սխեմաների» համար: Մինչդեռ այսօր, ոչ ավել, ոչ պակաս ինքն է ասում, թե Ամուլսարը պետք է աշխատի:

Ավելին, այս ընթացքում պետությունը հսկայական ֆինանսական կորուստներ է ունեցել: Հիմա ի՞նչ է եկել արդարանում:

Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ: Ինքդ ես փաստում, որ Ամուլսարի շահագործման դադարեցումը անօրինական էր: Քո պատճառով պետությունը «Լիդիանին» 1 տարվա պարապուրդի համար պետք է հսկայական տուգանքներ վճարի:

Ավելին, պետական միջոցներից հավելյալ 400 000 դոլար էլ տվել ես փորձաքննության համար, որը պետք է փաստեր այն, ինչ արդեն փաստվել էին հեղինակավոր կազմակերպությունները:

Բա պետական միջոցների մսխումից ու վատնումից էիր ժամանակին խոսում, բա տատիկ-պապիկների «նիսյաների» համար ԱԺ ամբիոնից լացակումած ճառեր էիր ասում, թե՞ նորից իրավիճակ է փոխվել:

Եվ վերջապես, Արցախի հարցում Նիկոլ, դու սուս: Շարունակիր Ալիեւին «կիրթ եւ նորմալ» համարել: Ալիեւին, ով 30 տարի երազել է այն, ինչ դու այսօր անում ես:

Հ.Գ. Հին Հռոմում սենատոր Կատոն Ավագը իր ելույթներն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» խոսքերով: Մեր պետականության համար «կարթագենիզմ-նիկոիզմը» պետք է կործանվի: Դու պետք է հեռանաս եւ որքան շուտ, այդքան լավ պետության համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ