16  08  2019

ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները համարվում են դադարեցված. Ալեքսանդր Կոչուբաև

ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները համարվում են դադարեցված. Ալեքսանդր Կոչուբաև

2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել՝ հետևաբար՝ իրավունքի ուժով, վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարմանը։ Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը ներկայացնում է Տնտեսագիտական համալսարանի՝ աշխատանքից ազատված դասախոսների շահերը։

«Սա այն հրամանն է, որով ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանին նշանակել է ՀՊՏՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշված հրամանի համաձայն Ռուբեն Հայրապետյանը նշանակված է մինչև ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը։

ՀՊՏՀ-ի կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է ։

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների նշանակման ընդհանուր կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կարգով /այսուհետ՝ Կարգ/։

Կարգի 11․3-րդ կետի համաձայն՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով։

Կարգի 11.4-րդ կետի ուժով՝ եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։

Քննարկվող դեպքում՝ Ռուբեն Հայրապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակվել է ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար՝ 6 ամիս ժամկետով։ Դրանից հետո Կարգի ուժով պետք է անցկացվեր մրցույթ և նշանակվեր ՊՈԱԿ-ի ղեկավար, իսկ եթե այդպիսի մրցույթը համարվեր չկայացած, ապա Ռուբեն Հայրապետյանի ժամանակավոր պաշտոնավարումը պետք է երկարաձգվեր ևս մեկ անգամ 3 ամիս ժամկետով։

2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել՝ հետևաբար՝ իրավունքի ուժով, վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։

Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է իր վարքագիծը որպես ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատար, տնօրինում է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցները, ստորագրում է հրամաններ, ներկայացնում է ՊՈԱԿ-ը մամուլում, պետական այլ մարմիններում։

Հետևությունները թողնում եմ ընթերցողին․․․»,–գրել է Կոչուբաևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ