13  08  2019

Գրիգորյան-Պատրուշև հանդիպմանը քննարկել են 3-րդ երկրներին զենքի վաճառքի հարցը

Գրիգորյան-Պատրուշև հանդիպմանը քննարկել են 3-րդ երկրներին զենքի վաճառքի հարցը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2018թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են Արմեն Գրիգորյանի գրասենյակից:

Այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱԿՊ շրջանակներում համագործակցության ընդլայնման և   նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո   Ա. Գրիգորյանը և Ն. Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ