13  08  2019

Պետական մտածողության պակաս իշխանության վերևներում.top-news.am

Պետական մտածողության պակաս իշխանության վերևներում.top-news.am

top-news.am-ը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե սեպտեմբերի 22-ին մեկնելու է ԱՄՆ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Լոս Անջելեսի Գրանդ Փարկում հավաք է լինելու, եւ որ նա այնտեղ ելույթ է ունենալու, չմոռանալով ամերիկահայերին հրավիրել այնտեղ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա սովորական մի տեղեկություն է, որի մեջ որեւէ վատ բան չկա, բայց սա միայն առաջին հայացքից:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան պետության թիվ մեկ պաշտոնյան է: Նա երկրի ղեկավարն է եւ ոչ թե արվեստի գործիչ կամ պատգամավոր:

Եթե լիներ պետական մտածողություն, ապա նա չէր մեկնի մի երկիր, որտեղ չի հանդիպելու այդ երկրի ղեկավարին: Ավելին, նա իրեն թույլ չէր տա հասնել ԱՄՆ ինչ է թե մի քանի մեծահարուստ կամ ոչ այնքան մեծահարուստ հայի հետ պետք է հանդիպի, առավել եւս ամերիկահայերին չէր խնդրի ներկա լինել իր մասնակցությամբ հավաքին:

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանում այլեւս լսարան չունի եւ ձգտում է ելույթներ ունենալ արտերկրի հայերի համար: Նա շտապեց Ստեփանակերտ, ակնկալելով ծափեր ստանալ այնտեղ գտնվող սփյուռքահայերից, իսկ հիմա էլ ուզում է լսել լոսանջելահայերի ծափերն ու վանկարկումները:

Իսկ ո՞ւր մնաց պետությունը, պետական արժանապատվությունը, պետության շահը: Ի վերջո, եթե լոսանջելոսահայերի հետ ինչ-ինչ հարցեր կան լուծելու, ապա դրա համար հատուկ պաշտոնյա ունենք, որը հենց պետք է զբաղվի այդ հարցերով:

Ցավոք, պետական մտածողությունն այսօր բացակայում է մեր երկրի ղեկավարության ամենավերին մակարդակներում: Հիմա պատկերացրեք Հայաստան է ժամանում Հունաստանի վարչապետը, որի հետ չի հանդիպում Հայաստանի ղեկավարներից եւ ոչ-ոք, իսկ նա մի բնակավայրում ելույթ է ունենում հույների առաջ եւ հետ գնում:

Պատկերացրեք ՌԴ նախագահը ժամանում է Հայաստան եւ կրկին նրան չի ընդունում մեր երկրի ղեկավարը, իսկ նա ռուսական համայնքի առաջ ելույթ է ունենում եւ հեռանում Հայաստանից:

Հիմա հարց՝ ի՞նչ կմտածեք Հունաստանի, հույների, Ռուսաստանի եւ ռուսաստանցիների մասին: Հաստատ քամահրանքով կվերաբերվեք: Այլ կերպ չի կարող լինել:

Խոսում են 2050 թվականից, բայց անգամ չգիտեն ինչ է պետականությունն ու պետության արժանապատվությունը:

Ի վերջո, եթե այդքան մեծ է ԱՄՆ-ն տեսնելու ցանկությւոնը, ապա կարելի է արձակուրդ վերցնել եւ մեկնել մասնավոր այցով:

»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ