13  08  2019

Քաղաքական պոպուլիստի «ֆոտոռոբոտը»

Քաղաքական պոպուլիստի «ֆոտոռոբոտը»

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պոպուլիստը բարդ խնդիրներին հեշտ լուծում առաջարկող ու ծափեր գողացող է։ Մեր պաշտպանյալի պես։

Պոպուլիստի բուն նպատակը իշխանությունն է և փողը, բայց այդ ամենը նա փաթեթավորում է զանգվածներին սոցիալական դրախտի խոստումներով։

Որքան շատ է խոսում պոպուլիստը կոռուպցիայի դեմ պայքարելու մասին ու որքան շատ է նա ցուցադրում իր, իբր, ասկետիկ կյանքը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ունի բարձր կոռուպցիոն ախորժակ (բուն ախորժակն էլ կարող է տեղը լինել) ու թալանչիական հակվածություն։

Պոպուլիզմը ստախոսության քույրն է։ Առանց ստի չկա պոպուլիզմ։

Պոպուլիզմի մյուս քույրն անգրագիտությունն է։ Ճառելու տաղանդի չափը նրա մոտ հակադարձ համեմատական է բովանդակային որոշումներ կայացնելու կարողությանը։

Պոպուլիստը շատ դեպքերում անկեղծորեն համոզված է, որ ունի բարդ խնդիրների հեշտ լուծման սեփական բանաձևերը։ Միայն մարտնչող տգիտության մոտ է նման համոզվածություն լինում։ Այդ հետո է պոպուլիստի մոտ սկսվում իրականության հետ ծանր առերեսումը, ինչին էլ հաջորդում են ֆրուստրացիաները։ Դեղերը տվյալ դեպքում չեն օգնում։

Պոպուլիստները ծնվում են հիվանդ միջավայրերում։

Սոցիալ–տնտեսական վատ պայմանները և բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը պոպուլիզմի ծննդի համար պարարտ հող են ստեղծում։

Պոպուլիստը նման է արտաթորանքի վրա եկող ճանճի կամ չհավաքվող զիբիլը փորփրող առնետի։ Մաքուր միջավայրում դրանք չեն լինում։

Պոպուլիստը նաև նման է թեթևաբարո կնոջ, որը փորձում է դուր գալ բոլոր պատահողներին. կարևորը դիմացինին «կպցնելն» է և «քվե» պոկելը։

Պոպուլիստը կայուն սկզբունքներ ու գաղափարներ չունի։ Նա օրվա, իսկ երբեմն նաև րոպեի կուրսով է ապրում։ Կախված լսարանից՝ նա կարող է աթեիստից մինչև խոր աստվածավախ, լիբերալից մինչև կոմունիստ, տրոցկիստից մինչև ստալինիստ, մարքսիստից մինչև վեբերիստ, ազգայնականից մինչև կոսմոպոլիտ խաղալ։

Որքան շատ է պոպուլիստը խոսում օրենքից, արդարությունից ու ժողովրդավարությունից, այնքան շատ են նրա մոտ ապօրինություններ գործելու և ավտորիտար ռեժիմ հաստատելու հակումները։

Պոպուլիստի գլխավոր հատկանիշն այն է, որ նա վատ է ավարտում իր քաղաքական կարիերան (մինչև այդ հասցնելով ահագին ավերածություններ գործել), քանզի կարելի է կարճ ժամանակահատվածում խաբել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անընդհատ խաբել ժողովրդի մի փոքր հատվածի, սակայն ամբողջ ժողովրդին հնարավոր չէ երկար ժամանակահատվածում խաբել։

Ստի ոտքերը կարճ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ