12 08 2019

Փաշինյանը որոշել է վերջին 30 տարվա միակ փառապանծ հերոսը լինել․ Hayeli.am

Փաշինյանը որոշել է վերջին 30 տարվա միակ փառապանծ հերոսը լինել․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «Տասնամյակներ անց պատմագիրներնը, հիշելով Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առաջին շրջանը, վստահաբար արձանագրելու են, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում արցախյան պատերազմի հիմնական հերոսների ու գեներալների հանդեպ ընդգծված հալածանքներ սկսվեցին:

Առաջինն այդ շարքում գեներալ Մանվել Գրիգորյանն էր՝ տուշոնկաների տխրահռչակ պատմությամբ: Հետո այդ շարքը համալրվեց. Մարտի 1-ի գործով շարվեշարան մեղադրյալի պիտակ կպցվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանին, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, հիմա էլ՝ Սամվել Կարապետյանին՝ Օգանովսկուն:

Վտարանդիի կարգավիճակում է Միքայել Հարությունյանը: Պաշտոնից ազատվեց Լևոն Մնացականյանը, քարկոծվում է Վիտալի Բալասանյանը: Հնարավոր է, որ շարքը դեռ շարունակելի է:

Երբ առաջին անգամ նիկոլյան իշխանությունը թիրախավորեց հերոսին՝ կար հանրային մտայնություն, թե իբր վերականգնվում է ինչ-որ մտացածին արդարություն: Նույն Մարտի 1-ի գործով, որի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանը բանտում է, կապ չունի արդարության և օրինականության հետ, որովհետև երկրի նախագահին, Արցախի առաջին նախագահին և պատերազմի փառապանծ հրամանատարին չի կարելի բանտ ուղարկել՝ առանց դատարանի մեղադրական վճռի:

Արցախյան պատերազմի հերոսները ժամանակին չհասկացան, որ Քոչարյանին բանտ ուղարկելուց հետո հաջորդաբար գալու է նաև իրենց հերթը: Կյանքը ցույց է տալիս, որ այդպես էլ լինում է՝ այն զարգացումները, որ այժմ կան գեներալ Օգանովսկու շուրջ, դրա վառ ապացույցն են: Ոչ մի երաշխիք չկա, որ կարճ ժամանակ անց Օգանովսկին ևս  չի դառնա մեղադրյալ և չի հայտնվի բանտում: Հետո արդեն կգա նաև մնացածի հերթը:

Մինչդեռ եթե Արցախի հերոսներն ու գեներալները ժամանակին արժանապատվորեն և միասնաբար հանդես գային ի պաշտպանություն իերնց հրամանատարի և նախագահի, եթե նրանք գլխիկոր Քոչարյանի դատավարությանը հետևելու փոխարեն, համարձակություն ունենային միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը փոխելու պահանջով, հեղափոխական իշխանությունը ստիպված կլիներ մտածել՝ հաջորդ քայլն անելուց և հերթական հերոսին հակահերոս հռչակելուց առաջ:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը որոշել է հերոսներին վերցնել առանց պատերազմի, իսկ հերոսները որոշել են հանձնվել: Դիմադրության փորձ արեց Վիտալի Բալասանյանը և շատ արագ թիրախավորվեց, բայց կարևորը մարդն իր քայլն արեց:

Հերոսները պետք է հասկանան, որ լռությունն այս դեպքում ոչ միայն համաձայնության, այլ նաև պարտության նշան է: Եթե դիմադրություն չկա, կնշանակի մեթոդը ճիշտ է ընտրված… բոլորին հեթով ու հաջորդաբար մեղավոր ու մեղադրյալ են հռչակելու: Եթե ուրիշ ոչ մի գործ չլինի, Մարտի 1-ի գործը կա ու կա: Եվ ինչ…. Ստացվում է, որ վերջին 30 տարվա մեր բոլոր հերոսները հանցագործ են՝ ներքաշված են կա՛մ կոռումպացված գործարքների, կա՛մ թալանի, կա՛մ էլ մարդասպանության և պետական ոճրագործության մեջ: Իսկ ում է պետք հասարակությունն առանց ազդեցիկ մարդկանց, ում է պետք պատմությունն առանց հերոսների: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ վերջին 30 տարվա միակ փառապանծ հերոսն ինքն է լինելու: Իսկ դրա համար պետք է ոչնչացնել բոլորին՝ մեկ առ մեկ, հերթով ու կարգով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ