09  08  2019

«Անողնաշար ԲԴԽ-ին ասում ենք՝ ո՛չ»․ Panorama.am

«Անողնաշար ԲԴԽ-ին ասում ենք՝ ո՛չ»․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Այս  կոչով ավարտվեց օգոստոսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի  ակցիան Բարձրագույն դատական խորհրդի մոտ (նախորդ օրն  ակցիան իրականցվել էր Եվրախորհրդի և ԲԴԽ մոտ)։ Մարդու իրավունքների պաշտպանին՝ էքս-նախագահի ապօրինի կալանքին արձագանքելու խնդրանքով նամակը հանձնելուց հետո, ցուցարարներն  ուղղվեցին ԲԴԽ։  

ԲԴԽ անդամներն իրոք այնքան անողնաշար գտնվեցին, որ երկու օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների հորդորներին անհաղորդ մնալով՝ չբարեհաճեցին հանդիպել նրանց։ 

Ցուցարարներն իրենց հերթին խոստացան երկուշաբթի  օրվանից վերսկսել և շարունակել ակցիան այնքան ժամանակ, որքան ապօրինաբար կալանքի տակ կպահվի Ռոբերտ Քոչարյանը։

Եթե ԲԴԽ  հատկապես նորընծա անդամներին թվում է, թե մեծ երջանկության են հասել նման պաշտոն ստանալով, ապա ամենայն հավանականությամբ  սխալվում են, որովհետև արդեն իսկ հայտնվել են լուրջ երկընտրանքի առաջ՝  պահպանել օրենքը, թե ենթարկվել վերին կամքին։

Երկու դեպքում էլ պաշտոնը վտանգված է։ 

Առաջինի դեպքում պատիժը չի ուշանա, բայց գոնե պարզ ճակատով կմնան։ 

Իսկ երկրորդը՝ կարճաժամկետ վայելում տալով, հետագայում ավելի մեծ պատասխանատվության կենթարկեցնի։  Քանզի, անգամ  զինվորականների դեպքում՝ արդարացում չի կարող լինել բացահայտ հակապետական հրամանին ենթարկվելը, էլ ուր մնաց   անկախության ու անաչառության երդում տված դատավորի համար։

ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների բողոքի ակցիաները  զգուշացում են բոլոր նրանց, ովքեր առաջնորդվելով «աչքից հեռու, սրտից դուրս» մտայնությամբ՝  թույլ-նվազ հույս են փայփայում, որ  պարոն Քոչարյանին փակ տակ պահելով՝ կստիպեն մոռանալ նրա մասին։ Գուցե հենց ա՞յդ պատճառով են այստեղից-այնտեղից  բուսնում աբսուրդ  նորություններ, որոնց վրա է ուղղորդվում հանրության ուշադրությունը։ 

Մեկ  ինչ-որ ողբանվագ   գաղտնի փաստաթղթեր են գաղտնազերծվում, մեկ՝  2050 թվականի   Հայաստանի  5 միլիոն դարձած բնակչության  սպորտային  նվաճումների մասին են բարբաջում, մեկ՝ BBC-ին է իր բրիտանական երկար քիթը խոթում  ներպետական նախաքննական գաղտնիքների մեջ….. և լիքը ուրիշ բաներ։ 

Այս մեկ տարում սովորել ենք, որ միշտ նման արտաքին ցնցումների ետնաբեմում ինչ-որ «ստորգետնյա»  քանդումներ են իրականացվում, որոնք փաստի առաջ են կանգնեցնում հայությանը․․․ տեսնենք՝  հիմա ի՞նչ ականներ են պայթելու։ 

Ի վերջո, արդեն գաղտնիք չէ նաև, որ գործող վարչապետի մտասևեռումը  ՀՀ երկրորդ նախագահին բանտարկված տեսնելն է, ինչին  և ծառայեցվում են  պետական բոլոր լծակները։ Աբսուրդ է, բայց փաստ է։Այդուհանդերձ, բոլոր   առկա և  ծածուկ  հանգամանքները բացարձակապես չեն շեղում  Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին՝ արդարադատություն պահանջելու  իրենց նպատակից։ 

Միայն առաջին հայացքից է նրանց պայքարն առնչվում սոսկ  պարոն Քոչարյանին․ իրականում այս խիզախ քաղաքացիները  վտանգելով իրենց ապահովությունը՝  թույլ չեն տալիս, որ Հայաստանը դադարի իրավական պետություն լինելուց։ Նրանք  քաջ գիտակցում են, որ կախյալ դատական համակարգը պետության կործանման ուղիղ ընթացքն է։ Այ, հենց հիմա այդ ճանապարհին է։ 

Օրինակ՝ ամեն մեկը թող պատկերացնի, որ իր հարազատը կարող է  լինել   ապօրինի ու անժամկետ կալանքի տակ, և դատարանից-դատարան «պաս» են տալիս նրա վրա սարքած  գործը ․․․ Ի՞նչ պիտի անի մեկ մարդը, ի՞նչ պիտի անի  հանրությունը, եթե անարդարությունն արդեն պետականորեն ընդունված նորմ լինի։  Ոչի՛նչ, քանի դեռ չենք հասկացել, որ  մեր լուռ  անտարբերությամբ ու վախկոտությամբ ենք թույլ տալիս ոմանց՝  ոտնակոխ անելով  օրենք-օրինականություն իրականացնել  բացահայտ անարդարություն․․․ ինչի գերին  վաղը ողջ հասարակությունն է դառնալու»։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ