08  08  2019

Սուտը պետք է վերացվի. Արմեն Գևորգյան․ 168.am

Սուտը պետք է վերացվի. Արմեն Գևորգյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  վերջին վճռով («Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով) Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ: ՄԻԵԴ-ի վճիռի մեջ նշված էին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունները։

Այս կապակցությամբ մենք զրուցել ենք  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ։

-Պրն Գևորգյան, վերջին շրջանում՝ կապված  ՄԻԵԴ վճռի հետ, Ձեր անունը փորձում են շրջանառել ինչ-որ կոռուպցիոն սխեմաների համատեքստում։ Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այդ մեկնաբանություններին և հայտարարություններին:

– Ամենայն պատասխանատվությամբ և հստակ ասում եմ. այդ բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ են։ Դրանք անում են իրականությունից անտեղյակ մարդիկ՝ չիմացության կամ ուղղորդման պատճառով։ Ես այդ հայտարարությունները, անկախ նրանից, թե ովքեր են դրանց հեղինակները, կամ ում դրդմամբ են արվում, գնահատում եմ՝ որպես զրպարտություն և իմ  արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ։

Դրանից ելնելով՝ կատարելու եմ օրինական բոլոր քայլերը, այդ թվում՝  դատական կարգով  իմ իրավունքների և բարի համբավի պաշտպանության համար։ Ես եղել եմ համբերատար և տոլերանտ, հույս ունենալով, որ սպեկուլյացիաներն այդ թեմայով կդադարեն։ Բայց դա տեղի չի ունենում, և նկատվում է ուղղորդվող մեկնաբանութունների միտում։ Այդ պատճառով, կարծում եմ՝ եկել է ավելի հետևողական և ավելի նպատակային սեփական իրավունքների պաշտպանությունն իրականացնելու ժամանակը, ու նաև  հրապարակայնորեն ներկայացնելու  իրականությունը։

– Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Ձեր իրավունքները:

– Կա անարդարության մի սահման, որից այն կողմ երբեք չի կարելի անցնել։ Տվյալ դեպքում՝ ես բոլոր օրինական միջոցներով հասնելու եմ ինձ զրպարտողներին պատասխանատվության կանչելուն, այդ թվում՝ նրանց, ովքեր ԶԼՄ-ներով անհիմն հայտարարություններ և մեղադրանքներ են ներկայացնում։  Առաջիկայում ներկայացնելու ենք դատական հայցեր։

Ես արդեն ունեմ իրավապահ համակարգի հետ առնչության տխուր փորձ՝ կապված «Մարտի 1»-ի գործի հետ։ 2018թ. օգոստոսի 3-ին ինձ ներկայացվել է ապօրինի և չհիմնավորված մեղադրանք՝ վաղեմության ժամկետի առկայությամբ, այնուհետև այն վերաորակավորել են և ավելացրել նորերը։ Հիշեք նաև Սասուն Խաչատրյանի 2018 թվականի օգոստոսի 3-ի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության եթերում, որի ժամանակ անմեղության կանխավարկածի խախտմամբ՝ իմ նկատմամբ փաստացի ներկայացվում էր դատավճիռ։ Դատարանները փաստել են երկու կարևոր դրվագով հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն իրավապահ մարմիններն ազատ ոճի շարադրության պես մեղադրանք են գրել և ուղարկել դատարան։ Արձանագրված է նաև իմ իրավունքների խախտումը։

Ուզում եմ ավելացնել նաև, որ ես երբեք չեմ գնացել կոմպրոմիսի՝ ի հաշիվ իմ բարոյական պատկերացումների, քանի որ պարզ և ամբողջական պատկերացում եմ ունեցել, որ ես ու իմ երեխաները ապրելու ենք այս քաղաքում և մեր երկրում.  դա չեմ արել, որպեսզի երբեք չամաչեմ։ Նման ընտրության առաջ ես, մեծ հաշվով, հայտնվել եմ մեկ անգամ՝ 2014թ.-ին, որի պատճառով էլ հրաժարական եմ տվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ