07 08 2019

Մարտի 1-ի գործը քանդվում է. Lurer.com

Մարտի 1-ի գործը քանդվում է. Lurer.com

Lurer.com-ը գրում է․ «Հայաստանի դատական համակարգում տեղի ունեցող գործընթացները վերջին շրջանում իրենց ինտրիգայնությամբ չեն զիջում քաղաքական գործընթացներին: Վերջին երկու օրերի ընթացքում մասնավորապես մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գեղամ Պետրոսյանի ազատ արձակելը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով բողոքի բավարարումը խոսում են այն մասին, որ ՀՔԾ-ն ու դատախազությունը հերթական արջի ծառայությունն են մատուցել Նիկոլ Փաշինյանին: 

Հասկանալի է, որ հապճեպ գործ կարելը, դատավորին պատժելու նպատակով նրա հանդեպ քրեական գործ հարուցելը ունենալու են հենց նման վերջաբան, վերջաբան, որը բնավ էլ չէր մտնում Փաշինյանի պլանների մեջ, վերջաբան, որի պատասխանատվությունը կրելու է հենց Փաշինյանը, քանի որ հենց նա էր հայտարարում, որ Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է:

Այսօր, սակայն, այդ նույն մարտի 1-ի գործը բոլորիս աչքի առջև քանդվում է: Հասկանալով նման սցենարի հետևանքները և այն, որ դատական համակարգը դեռևս որոշակի անկախություն է դրսևորում, իշխանությունները գործի են դրել ունեցած թերևս միակ խաղաքարտը՝ իրենց իսկ կողմից կոմպլեկտավորված ԲԴԽ-ն: Այս կառույցը արդեն իսկ լծվել է աշխատանքի՝ գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրելով Արթուր Մկրտչյանին։ Վերջինս հայտնի է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ 2017թ. փետրվարի 9-ին հենց Մկրտչյանն է Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրել։ 

 Կարելի է ասել, որ ԲԴԽ-ն գործի է անցել և փորձում է իշխանություններին հաճո թեկնածուներին դատական համակարգում առաջ տանել: Փաշինյանը հասկանում է, որ վեթինգ որպես այդպիսին չի ստացվի, դատավորների գրասենյակներն էլ ապօրինի խուզարկելը և նրանց դեմ քրեական գործեր հարուցելը ևս հետևանքներ է ունենում, հետևաբար, մնում է հուսալ, որ ԲԴԽ-ն կկարողանա հարկ եղած դեպքում օժանդակել իշխանություններին՝ դատական համակարգի հանդեպ վերահսկողություն սահմանելու գործում: Հակառակ դեպքում՝ հետևանքները կարող են ցավալի լինել իշխանությունների համար, չէ որ Նոր Հայաստանում հարուցված քրեական գործերի մեծ մասը, ինչպես երևում է, ջուր է, և ՀՔԾ պետը, առնվազն այս հարցում, չէր ստում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ