06 08 2019

ԱԱԾ տնօրենը ծանոթ չէ վարչապետի հայտարարած «գաղտնի փաստաթղթին»

ԱԱԾ տնօրենը ծանոթ չէ վարչապետի հայտարարած «գաղտնի փաստաթղթին»

Արցախում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ Ացախում ներքաղաքական իրադրությանը, վարչապետի հայտարարած «գաղտնի փաստաթղթին» , Դավիթ Սանասարյանի դեմ գործին և այլ ակտուալ հարցերի։

Անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածությանը՝ նա նշեց․ «Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժություններն ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Ես որպես ԱԱԾ տնօրեն, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ Արցախը պետք է լինի կայուն»,- ասաց նա։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ պետք է բացառվի օտարերկրյա ուժերի ներգործությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին, Վանեցյանը նշեց՝ առհասարակ, օտարերկրյա տարբեր ուժեր փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերին։ «Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»,- նշեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «գաղտնի փաստաթղթին»՝ Վանեցյանն ասաց, որ ծանոթ չէ դրան։ «Վարչապետի ուղիղ եթերից եմ դրա մասին իմացել»,- հայտնեց նա։

Անդրադառնալով ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրականացվել է ծառայողական քննություն։ «Փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի մեկի գործի քննությանը»,- ասաց նա։

Դավիթ Սանասարյանի դեմ գործին անդրադառնալիս ԱԱԾ տնօրենը հերքեց լուրերն այն մասին, թե հրահանգ կա կոծկել գործը։ «Քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում՝ հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար»։

ԱԱԾ տնօրենը քաղհասարակության ներկայացուցիչներին հորդորեց իր հետ կազմակերպել քննարկում: «Ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերն ուղիղ կարող են ուղղել ինձ»,-նշեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ