06  08  2019

Ժողովրդագրական ռազմավարությունը ևս փոխարինվում է պոպուլիզմով. Թադևոս Ավետիսյան

Ժողովրդագրական ռազմավարությունը ևս փոխարինվում է պոպուլիզմով. Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ռազմավարական նպատակներից մեկին՝  մինչև 2050 թվականը բնակչությունը հասցնել 5 միլիոնի:

«Հիշեցման կարգով նշեմ, որ նախորդ տարվա սկզբին կառավարության քննարկմանն էր ներկայացված ՀՀ ժողովրդագրական ռազմավարության նախագիծը, որի հիմնական թիրախն էր՝ 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները հայտատարեցին՝ այլևս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում: Բնակչության թիվն էլ ինքնաբերաբար՝ թռիչքային կաճի:

Իհարկե, սա ևս պոպուլիզմի դասական դրսևորում է՝ մեր երկրի զարգացման ռազմավարական ոլորտ հանդիսացող ժողովրդագրության վերաբերյալ:

Իշխանությունը վերցնելուց հետո անցել է 15 ամիս:

Կառավարությունն իր 2018 թվականի ծրագրի կատարողականով փաստում էր, որ ծնելիության խրախուսման նպատակով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից այն դարձել է 150 հազար դրամ: Այս փոփոխությունը դրված նպատակի իրացման տեսանկյունից առաջացնում էր առարկայական մի շարք հարցեր, որոնք էդպես էլ պատասխանատուները թողեցին անպատասխան: Հարյուր հազար դրամ է՞ր պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները: Գնահատվա՞ծ է այս փոփոխության իրական ազդեցությունը ծնելիության ցուցանիշի ավելացման վրա, թե՞ սա կդառնա պետական բյուջեից կատարվող անարդյունավետ հերթական ծախսը:

Ցավոք, մեր մտահոգություններն իրականություն դարձան: Այս ընթացքում ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն այդպես էլ «չենթարկվեցին» օրվա իշխանությունների ականջահաճո հորդորներին: Իրականում պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է հակառակը՝ այս տարվա առաջին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, իսկ մահացածների թիվը աճել է 572-ով:

Այս տարվա հուլիսի 1-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է նաև Հայաստանի մշտական բնակչության թիվը՝ 8200-ով։

Հայրենադարձության բումը ևս տեսանելի չի: Փոխարենը՝ հետևողականորեն ավելանում է տնտեսապես հետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր: Վերջինիս հնարավոր հետևանքների ու իրական ռիսկերի վերաբերյալ բազմիցս ենք ահազանգել և ներկայացրել ենք կարգավորման կոնկրետ լուծումներ:

Ժողովրդագրական խնդիրների առումով հատկանշական է նաև, որ ինչպես կառավարության ծրագրի կատարողականի զեկույցում, այնպես էլ 2019 թվականին հաստատված կառավարության հնգամյա նոր ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Սա, ի դեպ, ՀՀ Սահմանադրության պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Այս հարցին ևս բազմիցս ենք անդրադարձել, ցավոք՝ իշխանությունները սա էլ են թողել անարձագանք:

Մասնավորապես, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներից պետք է լիներ ծնունդների աճի խթանումը և բազմազավակության խրախուսումը:

Փոխարենը օրվա իշխանությունները օրակարգ են բերում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:

Ի հեճուկս փաստացի միտումների, օրերս էլ հայտարարեցին՝ 2050 թվականին պետք է դառնանք ոչ ավել, ոչ պակաս՝ 5 միլիոն: Ի դեպ, օրվա իշխանությունն իր նախընտրական ծրագրով խոստանում էր ոչ թե այս թիրախը, այլ՝ 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչության թիվը: Այսինքն՝ իրենց քաղաքական ուժի կողմից իշխանությունը վերցնելու պարագայում, 2040 թվականին մեր երկիրը պետք է ունենար 6 միլիոն բնակչություն:

Փաստորեն, իշխանության գալուց հետո խոստումը էապես մեղմվել է՝ թիրախի ժամկետն են ավելացրել 10 տարով, իսկ բնակչության ակնկալվող թիվը նվազեցրել են 1 միլիոնով:

Այսպիսով, կանխատեսումը դառնում է իրատեսական: Եվ ամենակարևորը՝ օրվա իշխանությունների կողմից հնչեցվող թիրախն ամբողջապես համապատասխանեցվել է նախորդ կառավարության կողմից մշակված ժողովրդագրական ռազմավարության նախագծի հիմնական թիրախին՝ 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Ի դեպ, իշխանափոխության օրերին և դրանից հետո՝ նոր իշխանություններն անխնա քննադատել են ժողովրդագրական ռազմավարության այս նախագիծը՝ նույնիսկ ծանոթ չլինելով դրա հիմնական բովանդակությանը:

Այնուամենայնիվ, կարծես առաջին դրական քայլը վերջապես արվեց՝ օրվա իշխանությունը ստանձնում է ժողովրդագրության ոլորտում ռազմավարական հիմնական թիրախը: Ավելի լավ է ուշ, քան երբեք:

Հուսանք, որ տրամաբանական հաջորդ քայլերն այս չափ չեն ուշանա: Գործող կառավարությունը «քարը փեշից կթափի», մի կողմ կթողնի պոպուլիզմը գոնե կարևորագույն այս ոլորտում, կընդունի ժողովրդագրական ռազմավարության պատրաստի նախագիծը և կստանձնի լիարժեք պատասխանատվություն դրա իրականացման համար:

Այս դեպքում կարող է ստեղծվել առարկայական հնարավորություն ժողովրդագրական քաղաքականության համակարգված իրականացման և սահմանված վերջնարդյունքներն առավելագույնս ապահովելու համար, ըստ որի՝ սոցիալ-ժողովրդագրական ուղղվածություն ունեցող գործող ու նոր ներդրվող բազմոլորտ ծրագրերի իրականացում, արդյունքների պարբերական գնահատում և իրավիճակից բխող՝ ճկուն փոփոխություններ ու թիրախավորում:

Առանց այս քայլերի հետևողական իրագործման, ընդհանուր առմամբ, անորոշ և հետևաբար նաև՝ ռիսկային է լինելու ժողովրդագրական ճգնաժամի մոտեցող իրավիճակի առաջանցիկ բարելավումը՝ դրված հիմնական նպատակի գործնական իրացումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ