06 08 2019

Փաշինյանի ապոկալիպտիկ բացահայտումների իրական պատճառները

Փաշինյանի ապոկալիպտիկ բացահայտումների իրական պատճառները

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդային վերջին օրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հերթական ուշագրավ հայտարարությունն արեց, որի հիմնական նպատակները ավելի խորն են... 

Պարոն Փաշինյանն իր էջի հետևողներին և հանրությանը տեղյակ պահեց, որ արձակուրդի ժամանակ ընթերցել է մի գաղտնի զեկույց, որը կազմվել է դեռ 2014 թ-ին, որից նա հետևություն է արել, որ Հայաստանում պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է... 

Պարոն Փաշինյանը, հանրությանը մատուցելով այս հույժ գաղտնի զեկույցի բովանդակության մանրամասները, որի հեղինակ/ներին նա գաղտնի պահեց և ասաց մի բան, որի համար էլ հիմնականում այս ուղիղ եթերը կազմակերպել էր՝ "որ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում"...  Նախ, շատ անլուրջ է, երբ երկրի ղեկավարը բացահայտում է հույժ գաղտի տեղեկություն և չի նշում նրա հեղինակ/ներին... Պարոն վարչապետը վերջապես պետք է հասկանա, որ նա Հայաստանի թիվ 1 պաշտոնյան է և դեղին մամուլին բնորոշ ոճով հասարակությանը մատուցված տեղեկությունն ավելի շատ նման է բամբասանքի և բանսարկության, քան իրական և փաստագրված տեղեկատվության... Գործընթացները, ինչպես և սպասվում էր, չուշացան. պարոն Փաշինյանին նախկին իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և պահանջեցին ապացույցներ... Ես ու շատ շատերը ևս կցանկանայինք իմանալ, թե ո՞վ է այդ գաղտի զեկույցի հեղինակը կամ հեղինակները... 

Ինձ համար շատ զարմանալի էր նաև այն, որ պարոն Փաշինյանը գրեթե մոռացել է իր ընդդիմադիր ժամանակաշրջանի ելույթները և հիմա միամիտ կեցվածք ընդունելով` փորձում է հասարակությանը համոզել, որ նա չի պատկերացրել, թե ինչ վիճակում է գտնվում երկիրը... Ժամանակին Հայաստանի հասարակությունը երկրում տեղի ունեցող ապոկալիպտիկ երևույթների, կոռուպցիայի և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հիմնականում տեղեկանում էր պարոն Փաշինյանից, նրան պատկանող թերթից ու կայքից... Շատ զարմանալի է, որ վարչապետ դառնալուց հետո պարոն Փաշինյանն այդ մասին իմանում է ինչ-որ գաղտնի զեկույցներից...

Իսկ հիմա ամենակարևորը՝ ինչի համար պարոն վարչապետը բացահայտեց այդ գաղտնի զեկույցի մանրամասները... Պարոն Փաշինյանը, այն գաղտնազերծելով, հասարակությանը հասկացրեց, որ մոտակա ժամանակներում իր ղեկավարած կառավարությունից որևէ ոլորտում չսպասեն ինչ-որ դրական արդյունքներ... Այո՛, մեկ տարուց ավելի ղեկավարելով Հայաստանը և ունենալով սուպեր լիազորություններ` պարոն Փաշինյանն իր կառավարության տարբեր ոլորտներում արձանագրված ձախողումների և հետընթացների համար կրկին մեղադրեց նախկիններին՝ հղում անելով 2014 թ-ի ինչ-որ զեկույցի վրա... Ինչպես ժամանակին ՀՀ առաջին նախագահն էր հորդորում հասարակությանը ըմբռնումով մոտենալ հասարակության առաջ ծառացած խնդիրներին, այդպես էլ Փաշինյանն է այս ելույթով հանրությանը հասկացնում, որ մոտակա ժամանակներում ինչ-որ դրական արդյունքներ որևէ ոլորտում չսպասեն, քանի որ նա ժառանգել է ձախողված երկիր... Սակայն Փաշինյանը մի բան հաշվի չի առել, որ հասարակությունը շատ լավ տեսնում և տեղյակ է, թե ինչ "ապոկալիպտիկ" ազդեցություն ունեցավ Թավշյա հեղափոխությունը իր չտես, գյորմամիշ և դիլետանտ թիմի շատ անդամների համար, որոնք, ինչպես ռուսներն են ասում՝"из грязи в князи" դարձան և նրանց վրա բացարձակ չազդեց պարոն Փաշինյանի մատնանշած գաղտնի զեկույցը... Ի գիտություն պարոն վարչապետի` նաև ասեմ, որ հասարակությունը շատ լավ տեսնում և տեղյակ է, թե ինչպես են ինքն ու իր թիմը "սիրախաղի" մեջ գտնվում նախկին իշխանությունների կողմից ժամանակին հովանավորվող օդիոզ օլիգարխների, հայտնի կաշառակերների, մարդատյաց իրավապահների հետ, որոնք,օրինակ, գործ էին կարում դատախազ-դատավոր տանդեմներով ու փորձում էին անմեղ զինվորներին ցմահ նստեցնել բանտերում... 

Պարոն Փաշինյանն ինստիտուցիոնալ կրախի վերաբերյալ օրինակ բերեց և մատնանշեց ճանապարհաշինությունը, որտեղ անորակությունը բավական բարձր է... Հետաքրքիր է, մեկ տարուց ավելի է կառավարության ղեկավար լինելով` ՀՀ վարչապետը չի հասկացել, որ կարելի է փոխել մրցույթների կարգը, որ չհաղթի ամենաէժան գին առաջարկող մասնակիցը և հետագայում ավելի ուժեղացնի վերահսկողությունը շինաշխատանքների նկատմամբ... Այդպիսով կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը և կբարձրանա աշխատանքի որակը, որի մասին խոսում է Փաշինյանը... 

Իր վերջին ապոկալիպտիկ ելույթով Հայաստանի վարչապետը արձանագրեց, որ իր կառավարությունը շատ բնագավառներում ձախողվել է, բայց դրա մեղավոր նա տեսնում է ոչ թե իր դիլետանտներով հարուստ թիմին, այլ նախորդ իշխանություններին, որը չի մեղմում նրա պատասխանատվությունը...  Պարոն Փաշինյանը մի բան պետք է լավ գիտակցի. եթե Հայաստանում գոհ լինեին, ապա հեղափոխություն տեղի չէր ունենա և նա էլ իշխանության չէր գա... Մեկ տարուց ավելի է ժողովուրդը սպասում է, բայց որքան նկատում եմ, իշխանություններին անժամկետ ժամանակ է պետք... 

Ի դեպ, վերջին շրջանում վարչապետն արձանագրել է լոկալ հաջողություններ՝ ճանապարհաշինությունը Տավուշի մարզում և 8 զորամասերում փոխվել է զինվորի սննդի կարգը, որը շատ գովելի է... Լավ կլինի, որ այսպիսի լոկալ հաջողությունները վերածվեն մեծ մասշտաբի և հասարակությունն այն զգա իր կյանքի որակի վրա... 

Հ.Գ. Ի դեպ, պարոն Փաշինյանի ապոկալիպտիկ բացահայտումից ամենաշատն ուրախացել են Ադրբեջանում... Պարոն վարչապետի օգնականները կամ խորհրդականները կարդու՞մ են ազերիական Հ-ները կամ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ընթացող քննարկումները...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ