05  08  2019

Կրկնվող ձեռագիր․ Panorama.am

Կրկնվող ձեռագիր․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Երբ ամիսներ շարունակ բազմաթիվ անհատներ ու կառույցներ պնդում են, որ փորձ է արվում վերակենդանացնել  նողկալի 90-ականները, և որ այս իշխանությունների «առաքելությունը» հհշ-լևոնական կիսատ թողած քանդումներն ավարտին հասցնելն է, նիկոլապաշտները  սրտաճմլիկ բողոքում են՝ «դե, թողեք աշխատեն, էլի»․․․

15 ամիս թողեցինք, ինչի արդյունքում հիմա շիրիմներ են պղծվում և տրանսգենդերներն  իրենց տեր ու տիրական են զգում Երևանի կենտրոնում։  Վե՛րջ, այլևս սպառված է պետության հետ էքսպերիմենտներ անելու նրանց հատկացված լիմիտը, և այս իշխանությունները պետք է հեռանան։

90-ականներին մեկ անգամ արդեն տեսել ենք, թե ինչի են հանգեցնում արտաքուստ  բարի նպատակներին միտված խորքային քանդումները, սակայն այն ժամանակ չէինք կարող ամբողջությամբ պատկերացնել հետևանքները, մինչև որ մեր մաշկի վրա չզգացիք դրանցից յուրաքանչյուրի  ազդեցությունը։ Հիմա կարող ենք վստահաբար ասել, որ տեսել ենք, թե ինչպես  խղճի ազատության ասվածի տակ գրանցվեցին բազմաթիվ քայքայիչ աղանդներ․  հիմա էլ մարդու իրավունքների անվան տակ ԼԳՏԲ են լցնում մեր երկիր։

Տեսել ենք, թե ինչի հանգեցրին Նաիրրտի  ու Ատոմակայանի փակումը․  հիմա էլ Ամուլսար-Սանիթեք-Հարավկովկասյան երկաթուղու դեմ անհասկանալի ստուգումներով՝  առկա ու պոտենցիալ  ներդրողներին «քշեցին» Հայաստանից։ Տեսել ենք, թե Ներքին գործերի նախարար Վանոյի սեփական բանդայի կողմից իրականացված որքան  հանցագործություններ արվեցին ու կոծկվեցին, հիմա էլ վարչապետն ունի գրպանի խորհրդարան, իր հանգիստը հսկող սեփական ոստիկանապետ, իր քմհաճույքներին ենթակա ԱԱԾ, ՀՔԾ ու ԲԴԽ․․․

Տեսել ենք, և հենց այդ պատճառով ենք ասում, որ չենք ուզում 90-ականների միջով մեկ անգամ ևս անցնել։Ակնհայտորեն նույն ձեռագիրն է բոլոր հարցերում․․․

Մեկ էլ 1993-ին են Եռաբլուրում գերեզման պղծել՝  կրակելով Շահեն Մեղրյանի շիրմաքարին։ Մեկ էլ  1994-ին են քրեաքաղաքական հետապնդումների արենա դարձել Հայաստանը։ «Դրո»-ի  գործով  «ահասարսուռ»  մեղադրանքներ բարդելով ՀՅԴ վրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց կուսակցության գործունեությունը Հայրենիքում, արտաքսեց գործիչների, փակեց լրատվամիջոցներ։

Հաջորդ արարը շատ չուշացավ, և  1995թ․ հուլիսի 28-ին ձերբակալվեց  դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանը և  սանձազերվեց «Վահան Հովհաննիսյան +30» հերթական դատը։Հիշում եմ իմ առաջին տպավորությունն այդ դատավարությունից, երբ որպես լրագրող լուսաբանում էի այն․․․դա  վրդովմունք էր՝ բացահայտ  ապօրինությունների առումով, մի տեսակ վիրավորանք,  որ հարկ չէին համարել անգամ գործը անթերի կարել-կարկատել  (ի տարբերություն «Դրո»-ի)։

Դա ներքին ընդվզում էր  լևոնական իշխանությունների արդեն ողջ թափով գործի դրված «մեր դեմ խաղ չկա» գործելաոճին։Նույն  ձեռագիրն է զգացվում նաև այսօր, երբ տխուր պատահականությամբ թե նախախնամությամբ դարձյալ հուլիսի 28-ին (2018թ.) կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ուղիղ մեկ տարի անց, որից 7 ամիսը էքս-նախագահի խափանման միջոցը  կալանքն է, ավելի հեշտ է հաշվել, թե օրենքի որ պահանջներն ու  մարդու իրավունքների որ դրույթները չեն խախտվել․․․ Ի վերջո, այս գործում ապօրինությունների անհաշվելի քանակը,  և բացահայտ  ու  չքողարկված ճնշումները դատավորների վրա հանգեցրին  հասարակության  առողջ ուժերի   համախմբմանը։

2019-ի  հուլիսի 28-ին, Ռ․ Քոչարյանի նկատմամբ  քաղաքական հետապնդման մեկ տարվա  կապակցությամբ կառարավության դիմաց նրա աջակիցների ցույցի լայնորեն մեկնաբանումը ռուսական հեռուստաալիքների կողմից, միանշանակ փաստեց նախագահ Քոչարյանի պահպանվող բարձր հեղինակությունը մեր դաշնակից ՌԴ-ում։

Աշխարհն է տեսնում անարդարություները, ավելին՝ արձագանքում է դրանց, և որքան հաճախակի և կոշտ են դրանք, այնքան ավելի շատ է զգացվում, որ  մոտենում է հանգուցալուծումը։ Տեր-Պետրոսյանի հեռանալով՝ իր  ավարտն ունեցավ 1994-ից դաշնակցության դեմ սկսած  դատական արշավը , և հիմա  հարցնենք ինքներս մեզ՝ արդյո՞ք  նրա կողմից հալածվող  դաշնակացականները հանցագործներ էին։ Ո՛չ, հազար անգամ ոչ։  Փաշինյան Նիկոլի հեռանալու հետ միասին Ռոբերտ Քոչարյանի դեմ  սանձազերզված հետապնդումը կվերանա և  բոլորը կընդունեն Քոչարյանի անմեղությունը․․․ Նաև այն  պատճառով, որ ցավալիորեն, մեր ժողովուրդը միշտ ուժեղի կողմն է կանգնում։ Ո՛չ արդարի, այլ իշխանություն ունեցողի։ Մի՞թե հենց այդ պատճառով մեր մաշկի վրա չզգացինք  90-ականների դաժանությունները»։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ