02  08  2019

Վաղ թե ուշ աղբահանության խնդիրը լուծելու ենք․ Հայկ Մարության

Վաղ թե ուշ աղբահանության խնդիրը լուծելու ենք․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երևանում աղբահանության խնդրին։ Նրա կարծիքով՝ «Սանիթեք»-ը պարզապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։

Մարությանը նշեց, որ բանակցություններն ընթացել են մինչ այն պահը, երբ ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլը գտնվել է Երևանում:  Քաղաքապետի խոսքով՝ այս ընթացքում «Սանիթեքի» ներկայացուցիչների հետ ավելի շատ է հանդիպել, քան իր ընտանիքի, եւ վերջին հանդիպմանը «Սանիթեքին» խնդրել են ներկայացնել ծախսերը․

«Բանակցություններն ընթանում էին հենց առաջին օրվանից, երբ ես արդեն ստանձնել էի քաղաքապետի պաշտոնը: Բնականաբար, այդ պահին առաջնահերթ խնդիրը, որ առկա էր քաղաքում, դա աղբահանությունն էր: Մինչև մայիսի վերջ պարոն Նիկոլասը եղել է Երևանում, մենք հանդիպել ենք, բանակցությունները կանգ չեն առել: Մանրամասն քննարկվել են բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները: Ընդամենը 2-3 շաբաթ առաջ իրենց ներկայացուցիչը եկել է քաղաքապետարան, մենք խոսել ենք, խնդրել ենք ներկայացնել ֆինանսական փաստաթղթերը, որպեսզի տեսնենք, թե ինչու են իրենք վատ ֆինանսական վիճակում»,- նշեց քաղաքապետը:

Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանի աղբահանության խնդիրն ինքը ժառանգել է նախորդ իշխանությունից, այն ժամանակ ևս «Սանիթեք»-ն իր տրամադրության տակ եղած շարժակազմով չի կարողացել լուծել մայրաքաղաքի աղբահանության հարցը:

«Իրենք ուղղակի չեն կարող կատարել իրենց աշխատանքը: Այն շարժակազմով, որն իրենք ունեն այս պահին, դա չեն կարող անել: Թե ինչու է այնպես եղել, որ այս շարժակազմն ու աղբամանների վիճակն ու քանակը կա, դա չեմ կարող ասել: Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»,- ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը անհասկանալի համարեց նաև «Սանիթեք»-ի ղեկավարության հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան: Մարությանը նշեց, որ իրենք պատրաստվում են մաքրել Երևանը՝ «Սանիթեք»-ի հետ, թե առանց «Սանիթեք»-ի:

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ մինչեւ սեպտեմբերի վերջ աղբատար մեքենաների նախատեսված խմբաքանակը տեղ կհասնի, ընդ որում՝ այն գումարները, որ կծախսվեն քաղաքապետարանի իրականացրած աղբահանությամբ, չեն գնա «Սանիթեք» ընկերությանը։

«Վաղ թե ուշ մենք աղբահանության խնդիրը լուծելու ենք, դրան ալտերնատիվ չկա։ Ես ուզում եմ իրապես շնորհակալություն հայտնել երեւանցիներին համբերության համար, այն սատարման համար, որ ունի քաղաքային իշխանությունը։ Դուք շատ մեծ ուժ եք մեզ տալիս, ահավոր մեծ էներգիա եք մեզ տալիս։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ այս հարցը լուծվելու է, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Մարությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ