31 07 2019

Ի՞նչ էր ցանկանում ասել Ռոբերտ Քոչարյանը

Ի՞նչ էր ցանկանում ասել Ռոբերտ Քոչարյանը

Top-news.am-ը գրում է․ «Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույցով անդրադառնալով հայաստանյան քաղաքական եւ տնտեսական կյանքի կարեւոր հարցերին, մեր երկրին ուղղված ներքին եւ արտաքին մարտահրավերներին:

Ի վերջո, ի՞նչ էր իրականում ցանկանում ասել ՀՀ երկրորդ նախագահը: Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ ձեւակերպեց, որ առանց ծրագրի, առանց գաղափարների, առանց «իզմ»-երի կառավարությունը դատապարտված է անհաջողության եւ ամենամոտ ապագայում իր տեղը զիջելու է այլ կառավարության, այլ իշխանության:

ՀՀ երկրորդ նախագահը հստակ ընդգծեց, որ հանգուցալուծումը լինելու է կրկին փողոցում, որին հաջորդելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ռոբերտ Քոչարյանը հանրության, քաղաքական դաշտի ուշադրությունը բեւեռեց մեր երկրին ուղղված արտաքին եւ ներքին մարտահրավերներին, որոնք, այսօրվա կառավարությունը, կարծես չի նկատում: Տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակը լուրջ ուսումնասիրության, լուրջ ուշադրության կարիք են զգում:

Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, ծանր վիճակում է: Ներդրումներ, որպես այդպիսին չկան, տեղի է ունենում կապիտալի արտահոսք, իսկ կառավարությունը միայն թվեր է հրապարակում, որոնք միայն թվեր են ու իրական կյանքի հետ կապ չունեն, իսկ կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան գրառումով կրկին ոչին չասող թիվ է հրապարակում Սեւանում մեկ օրում հանգստացողների վերաբերյալ եւ վարչապետի ուղղաթիռի, ինչպես նաեւ մամուլի ձեռքին եղած փողի մասին հրապարակումներ է անում: Եւ այս համապատկերում Ռոբերտ Քոչարյանը բոլորովին այլ մակարդակի, այլ տեսակի քննարկում է սկսում, կարեւոր հարցեր բարձրացնում:

Ինչպե՞ս փրկել տնտեսությունը: Ի՞նչ անել, որ տնտեսական կյանքն աշխուժանա: Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է հետեւյալ լուծումը՝ կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր եւ կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ:

Վրաստանի տնտեսությունում թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում առկա լուրջ եւ վտանգավոր սրացումները ուղղակի մարտահրավեր են մեր երկրին, բայց տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունում, Հայաստանի իշխանության բոլոր ճյուղերում այս ամենը կամ չեն կարեւորում կամ չեն նկատում:

Հայաստանի իշխանությունները սեւեռված են մեկ մարդու՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատությունից զրկելու գործին, իսկ նույն այդ մարդը լինելով անազատության մեջ հանրության, քաղաքական դաշտի, նույն կառավարության ուշադրությունն է հրավիրում Հայաստանին ուղղված նոր մարտահրավերներ վրա:

«Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու»,- նման հարցադրումներ է անում Ռոբերտ Քոչարյանը:

Նա փորձում է սթափեցնել հանրությանը, քաղաքական դաշտին անելով շատ սուր եւ դիպուկ դիտարկումներ: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով: Չորս հարեւանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, եւ նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա եւ մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները:

Բնականաբար, այս մարտահրավերները հնարավոր չէ լուծել հենվելով դատարկ խոստումների եւ պոպուլիզմի վրա: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն նշում է, թե որոնք են խնդիրները, մարտահրավերները, այլեւս ցույց է տալիս, թե ինչպես պետք է դրանք հաղթահարվեն, ինչպես պետք է լուծվեն: «Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում»:

Ցավոք, իրականություն է նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ արտաքին քաղաքականության մեջ ընդունելի եւ ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է:

ՀՀ երկրորդ նախագահը շատ հստակ եւ պարզ նշում է, որ քաղաքականության, հատկապես արտաքին քաղաքականության մեջ երկերեսանիությունը բերում է բացառապես անհաջողությունների եւ ձախողումների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ