31 07 2019

Մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը․ ՀՀ ԱԳՆ․ Ամերիկայի ձայն

Մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը․ ՀՀ ԱԳՆ․ Ամերիկայի ձայն

«Ամերիկայի ձայնը» հայտնում է․ «Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ, Գերմանական մարշալ հիմնադրամի ավագ փորձագետ Ջոնաթան Կացին հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսին Վաշինգտոնի այցի ընթացքում։

«Մեզ համար կարեւորագույն մարտահրավերն է, կարեւորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի «Թավշյա Հեղափոխությունը» բացարձակապես ներքին իրադարձություն էր», - Գերմանական մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է Մնացականյանը: Նրա խոսքով, պաշտոնական Երեւանը չի պատրաստվում որեւէ կերպ վտանգել թավշյա հեղափոխության ձեռքբերումներն ու խոստումները կտրուկ քայլերով արտաքին քաղաքականության ոլորտում.

«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը կառուցված է շատ նուրբ կերպ, որպեսզի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ ներառվի համագործակցությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ նահանգների հետ: Այնպես որ, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը»:

Արտգործնախարար Մնացականյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցության լավ օրինակ է, չնայած երկրների միջեւ եղած լուրջ տարաձայնությունների այլ ոլորտներում: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման մեջ, ասել է Մնացականյանը ամերիկյան վերլուծաբանին.

«Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ