30 07 2019

Արդարադատությո՞ւն, թե՞ վրեժ․ РЕН ТВ-ի անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի գործին



РЕН ТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է հուլիսի 28-ին Երևանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիային և ՀՀ 2-րդ նախագահի դեմ արդեն մեկ տարի շարունակվող քրեական հետապնդմանը։

Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվել 7 ամիս։ «Նախկին նախագահին մեկ ազատ են արձակում, մեկ կրկին կալանավորում՝ չնայած անձեռնմխելիությանը։ Նույնիսկ 300․1 հոդվածը, որով փորձում են նրան դատել 2008 թվականի իրադարձությունների համար, Քրեական օրենսգրքում հայտնվել է միայն 2009-ին,- նշվում է ռուսական լրատվամիջոցի ռեպորտաժում,- 2008 թվականի մարտին Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց ոստիկանների վրա հարձակումը, փողոցային թալանը, ավտոմեքենաների հրկիզումը և արտակարգ դրություն մտցրեց, իշխանությունը փոխանցեց ընտրված նախագահին և հեռացավ։ Սակայն ներկայիս վարչապետը, ով այն ժամանակ ընդդիմադիրների շարքում էր, ոչինչ չի մոռացել»։ РЕН ТВ-ն հիշեցնում է վարչապետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված և հրապարակված հեռախոսազրույցը, որի ընթացքում ԱԱԾ տնօրենը վարչապետին հայտնում է, որ պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ «Այս երկխոսությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, սակայն հետո ազատ արձակեցին, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորեց արգելափակել դատարանների մուտքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ճնշում դատական համակարգի վրա, երբ վարչապետը գնում է անձամբ աջակցելու ցուցարարներին»,- ընդգծում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում շատ հայտնի քաղաքական գործիչ է, նրա կառավարման օրոք հանրապետությունում ամենալուրջ տնտեսական աճն է եղել։ «Նախկին նախագահին կալանավորեցին անմիջապես այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։ Նրա աջակիցներին գործող վարչապետը գնալով ավելի հաճախ է հանիպում Երևանի փողոցներում»,- ասվում է ռուսական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում՝ եզրափակելով, որ վարչապետը չի շտապում իր քաղաքական հակառակորդին ազատ արձակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ