24 07 2019

Իշխանությունը՝ նպատակ թե՞ միջոց․ Խոսրով Հարությունյան

Իշխանությունը՝ նպատակ թե՞ միջոց․ Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․լիդեր

 

«Հարցրեք ազդեցիկ քաղաքական ուժի հավակնություն ունեցող ցանկացած կուսակցության լիդերին. ո՞րն է քաղաքական պայքարում կուսակցության գլխավոր նպատակը և, բացառությամբ մեկ- երկուսի, պատասխանը կլինի մեկը՝ իշխանության գալը: Ավելին, որպես հիմնավորում կհնչի հետևյալ թևավոր միտքը՝ բա ինչի՞ համար ենք պայքարում:

Ուշադրության է արժանի այն, որ ըստ այդ մոտեցման կողմանկիցների քաղաքական պայքարի գլխավոր նպատակը ոչ թե հանրային կյանքում տեղ գտած խնդիրները սեփական քաղաքական դոկտրինի հիման վրա լուծելն է, այլ իշխանության գալը: Իհարկե այս ընկալումը, որպես կանոն, լրացվում է այն մտքով թե այլապես ինչպե՞ս կարող ենք լուծել մեզանում առկա խնդիրները:

Այս մոտեցմամբ են առաջնորդվել մեզ հանտնի համարյա բոլոր կուսակցությունները՝ Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում: Այսօր էլ համարյա անվրեպ գործում է հետևյալ թեզը՝ ‹‹վստահեք մեզ իշխանությունը՝ խոստանում ենք լուծել ձեր խնդիրները››: Թե ինչպե՞ս, ինչպիսի՞ համակարգային մոտեցումների միջոցով, հանրային կյանքի կազմակերպման ինչպիսի՞ հայեցակարգի հիման վրա՝ սրանք այլևս երկրորդական են դառնում:

Հայ քաղաքական մտքում գերիշխող այդ թեզը (կուսակցության գլխավոր քաղաքական նպատակը իշխանության գալն է) գործնականում վեր է ածվում ‹‹կուսակցության քաղաքական պայքարի գլխավոր նպատակը իշխանությունը վերցնելն է›› սկզբունքի:  Այդ սկզբունքով առաջնորդվող կուսակցությունների համար ‹‹իշխանություն վերցնելը›› դառնում է գլխավոր նպատակ, ինչն իր հերթին քաղաքական պայքարում նախապատվելի է դարձնում ‹‹նպատակը արդարացնում է միջոցները›› քվազիքաղաքական և հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման տեսակետից՝ կործանարար սկզբունքը:

Մինչ դեռ քաղաքական պայքարում կուսակցությունների գլխավոր նպատակը պետք է լինի հանրային կյանքի կազմակերպման, նրանում առկա խնդիրների համակարգային լուծուման սեփական քաղաքական դոկտրինը հանրությանը ներկայացնելը և այդ կերպ վերջինիս գիտակցված վստահությանը արժանանալը, իսկ իշխանություն ստանձնելը պետք է դիտվի որպես միջոց՝ կուսակցության հայեցակարգային մոտեցումները կյանքում առավել արդյունավետ իրականացնելու համար:

Այսինքն ընտրողը նախ պետք է համոզվի իրեն հուզող խնդիրների լուծման գործում տվյալ կուսակցության քաղաքական մոտեցումների արդիականության հարցում, ապա այն հարցում, թե որքանով է տվյալ կուսակցությունը ունակ իր անդամների քաղաքական- մասնագիտական կարողություններով լուծել այդ խնդիրները և դրա հիման վրա ձևավորի իր քաղաքական նախապատվությունը այս կամ այն կուսակցության օգտին:

Թվում է թե ամեն ինչ շատ պարզ է: Սակայն հարց է առաջանում, եթե ամեն ինչ այդքան պարզ է ինչու՞ կուսակցությունները չեն առաջնորդվում այդ պարզ մոտեցումներով:

Բանն այն է, որ մեր անկախության սկզբնափուլում մինչ ժամանակակից քաղաքական պահանջներին, այդ թվում ներկուսակցական ժողովրդավարության պահանջներին, բավարարող կուսակցությունների հանդեպ հանրային գիտակցված պահանջարկի ձևավորումը, օբյեկտիվորեն ձևավորվեց առանձին անհատների՝ լիդերների վերաբերյալ հանրային պահանջ:

Հեղափոխական փոփոխությունների փուլում լիդերի դերակատարումը դառնում է ամենաառանցքայինը: Մարդկանց (կամ նրանց խմբերին) ավելի հարմար է վստահել այս կամ այն լիդերին, քանց ստանձնել հանրային կյանքում շատերիս համար երբեմն անհասկանալի զարգացումների պարագայում մեր հետագան կանխորոշելու պատասխանատվությունը: Այդ է պատճառը, որ մարդկանց համար նաև հեշտ է վստահել իր ապագան այս կամ այն լիդերին: Այսինքն, մեծ իմաստով, հանրությունը, գիտակցված թե ոչ, նախապատվությունը տվեց անհատների միջև ընտրությանը: Սա է մեր ոչ վաղ պատմական անցյալի քաղաքական իրաղությունը:

Բայց քանի որ մենք հռչակել ենք ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ‹‹մեր անկոտրում կամքը››, իսկ ժողովրդավարությունը չի կարող լինել առանց քաղաքական այլակարծության, ինչը դրսևորվում է նախ և առաջ բազմակուսակցականությամբ, այստեղից էլ ձևավորվեց կուսակցություններ հիմնելու քաղաքական անհրաժեշտությունը (շատերը կհիշեն թե ինչպիսի բուռն քննարկուներ էին գնում ՀՀՇ-ում շարժումը վերածել կուսակցության թե ոչ, ընդ որում այդ քննարկումներում դոմինանտ էր ոչ այնքան հանրության առջև շարժման ստանձնած քաղաքական առաքելությունը արդյունավետ իրացնելու, որքան իշխանութունը արդյունավետ պահելու խնդիրը):

Վերը բերված պատմնական օբյեկտիվ իրողություններով սկիզբ դրվեց լիդերի քաղաքական, այսինքն իշխանական հավակնություններն ապահովելու նպատակով կուսակցություններ ‹‹բացելու›› գործընթացին: Այսինքն կուսակցությունները սկսեցին ձևավորվել մեկ նպատակի շուրջ՝ ապահովել իրենց լիդերի իշխանության գալը կամ իշխանությունը վերցնելը՝ խտրականություն չդնելով այդ նպատակին հասնելու միջոցների մեջ: Միջկուսակցական քաղաքական պայքարը հանգեց իշխանության համար ‹‹առանց կանոնների մարտի››:

Ահա թե ինչու մեզանում կուսակցությունների համար իշխանությունը դարձել է նպատակ, այլ ոչ թե հանրային կյանքում ձևավորված խնդիրները սեփական պատասխանատվությամբ լուծելու միջոց:

Հ.Գ Ի դեպ իշխանության հասած լիդերը համոզված է, որ իր բոլոր օպոնենտները նույնպես ձգտում են իշխանության, նախ և առաջ, իրենց անձնական հավակնությունները բավարարելու համար, ուստի և իրեն իրավունք է վերապահում ցանկացած գնով վիժեցնել այդ հավակնությունները: Իսկ նման պարագաներում նախընտրական խոստումները կամ ծրագրերը, իրենց քաղաքական կարևորությամբ, վեր են ածվում երկրորդականի՝ երբեմն դառնալով պոպուլիզմի զոհ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ