22  07  2019

Իջևանյան դեպքերը և Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը. top-news.am

Իջևանյան դեպքերը և Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը. top-news.am

Top-news.am-ը գրում է.

Ցինիզմը լավ է, անգամ հասկանալի՝ որոշակի սահմանների մեջ: Երբ ցինիզմը դուրս է գալիս սահմաններից, վերածվում է անհամության, վերածվում է լպիրշության: Երբ իշխանությունը հայտարարում է, թե մենք կարող էինք փողոց փակել, իսկ դուք՝ ոչ, երբ ասում է, թե մենք կարող էինք դուռ ջարդել, իսկ դուք՝ ոչ, ամեն ինչ անհամանում է եւ վերածվում աբսուրդի թատրոնի: 

Գուցե խորհրդանշական է, որ փայտահատների բողոքի գործողությունը ճնշելուց հետո Նիկոլ Փաշինյանը Իջեւանի կենտրոնում փոքրիկ ռազմական շքերթ անցկացրեց՝ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ղեկավարությամբ: Այդ շքերթը տեսան իջեւանցիները, տեսան արարատցիներն ու սիսիանցիները, մեղրեցիներն ու նոյեմբերյանցիները, տեսան երեւանցիները եւ որոշակի հետեւություններ արեցին:

ՀՀ քաղաքացին լսեց վարչապետին, որը ոստիկանությանը հանձնարարում էր ձերբակալել կոնկրետ թվով մարդկանց: Հայաստանը տեսավ, որ այդ հանձնարարականից հետո մտան իջեւանցիներիչ տները կեսգիշերն անց, լուսադեմից առաջ եւ երեխաների ներկայությամբ, ստորացնելով մարդուն, կիսամերկ բերման ենթարկեցին:

Եւ սա այն մարդու իշխանության օրոք, որը խոստանում էր պահպանել մարդու իրավունքները, լսել մարդուն, Հայաստանը դարձնել ժողովրդավարական, որը իշխանության էր եկել փողոց փակելով, դուռ կոտրելով, կամուրջ գրավելով: 

Իջեւանցիներն ասում են, թե ի՞նչ երեսով է հիմա Նիկոլը տուն գալու: Ասում են փայտը հեչ, առանց փայտ կտրելու էլ մի կերպ յոլա կգնանք, ծայրահեղ դեպքում խոպան կգնանք, բայց Նիկոլը մեզ ծեծելուց, ջարդելուց, վիրավորելուց հետո ինչպես է տուն գալու, ինչպես է մեր աչքերին նայելու, ինչպես է հարեւանի տղաների աչքերին նայելու:

Իջեւանում եւ Հայաստանի շատ ու շատ քաղաքներում Նիկոլ Փաշինյանին այսօր չեն հասկանում: Իջեւանցիների փոքրաթիվ ցույցը, ոստիկանների հետ փոքրիկ բախումը ուռճացվեց եւ մեծ պատմության վերածվեց, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը մոտ տասը տարի առաջ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ կոչ էր անում զինվել, իսկ հոգին փառավորվում էր, որ իրավապահներից վահաններ էին խլում:

Այսպես չի կարող լինել: Վարչապետը այսօր, երբ դատապարտում է ոստիկանների նկատմամբ ուժի կիրառումը, դրանից առաջ պետք է ներողություն խնդրի բոլորից, եւ հատկապես մարտի մեկի զոհերի ծնողներից եւ հարազատներից ու հայտարարի, թե դատապարտում է նաեւ 2008թ. մարտի մեկին արած հենց իր հայտարարությունները: Առանց այս ներողության, իսկապես անհասականլի է մի խումբ իջեւանցիներին ազատությունից զրկելու նրա վճռականությունը:

Ժողովուրդը, ՀՀ քաղաքացին չի հասկանա նրան, ով ասում է, թե ինձ կարելի էր, իսկ ձեզ՝ ոչ: Իջեւանցին, վանաձորցին, գյումրեցին նրան չեն հասկանա: Չեն հասկանա եւ չեն հասկանում:

Հիմա Իջեւանում ժողովուրդը մտածում է, թե ինչո՞ւ հիմա չի կարելի փակել Հայաստան-Վրաստան գլխավոր մայրուղին, իսկ մեկ տարի առաջ ոչ միայն կարելի էր, այլ ողջունելի: Մտածում են եւ չեն հասկանում:

Իջեւանցին մտորում է, թե ինչու իրենց նկատմամբ այսքան դաժան վարվեց վարչապետ Փաշինյանը, որը մեկ տարի առաջ փորձում էր անցնել ոստիկանական փշալարերի վրայով, ռադիոտուն էր գրավում, գնացքների աշխատանքը կասեցնում, տասը տարի առաջ կոչ անում զինվել ոստիկանների դեմ կռվի համար, իսկ հիմա մի բուռ իջեւանցիների ինքնապաշտպանությունը որակում է ծանր հանցագործություն:

Վարչապետը պետք է կողմնորոշվի: Վարչապետը պետք է բաց տեքստով խոսի հանրության հետ: Նա պետք է հայտարարի, որ ինքը 2008թ. մարտի 1-ին սխալ է վարվել, ոչ ճիշտ հայտարարություններ եւ հակաօրինական կոչեր արել կամ չգնա այդ քայլին, բայց նաեւ հայտարարի, որ ճիշտ են վարվել ոստիկաններին հարվածած իջեւանցիները եւ իրավապահ համակարգին կոչ անի ազատ արձակել նրանց, որից հետո նրանց արագ տարբեր պաշտոններ նվիրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ