22 07 2019

Նախիջևանում ադրբեջանական կողմի արձակած կրակոցը եղել է ոչ նպատակային. Դավիթ Տոնոյան

Նախիջևանում ադրբեջանական կողմի արձակած կրակոցը եղել է ոչ նպատակային. Դավիթ Տոնոյան

Զինված ուժերում տարվա կտրվածքով միջադեպերի նվազում կա: Այս մասին հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ այս դեպքում վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որ կարելի է ցուցաբերել, որովհետև ցանկացած մեկ զինծառայողի, գործընկերոջ մահը անվերականգնելի է և բարոյապես բոլորի վրա ազդում է. «Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու տվյալ զինծառայողի հոգեվիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»,- ասաց Տոնոյանը:

ՊՆ նախարարը խոսեց նաև սահմանին լարվածության մասին, նշելով, որ կան որոշ հատվածներում որոշակի լարվածություններ, բայց անհանգստանալու խնդիր չունենք. «Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել»,-հավելեց Տոնոյանը:

Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ հնչած կրակոցներին, պաշտպանության նախարարն ասաց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված Նախիջևանի Հանրապետության հարևանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»:

Նախարարը հստակեցրեց, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի մասին է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ