17 07 2019

«Ինչո՞ւ թալանչիները բանտում չեն»․ մեկնաբանում է Փաշինյանը

«Ինչո՞ւ թալանչիները բանտում չեն»․ մեկնաբանում է Փաշինյանը

Հանրության կողմից իշխանություններին հաճախ հարց-մեղադրանք է ուղղվում՝ ինչո՞ւ թալանչիները բանտում չեն։ Այս մասին  «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ  իրենք ունեն քաղաքական կամք այդ ամենին հասնելու համար, բայց շատ կարևոր է, որ այդ ճանապարհն այնպես կառուցվի այնպես, որ հանկարծ ժողովրդավարությունը չտուժի, բացի այդ, կան նաև ընթացակարգային խնդիրներ։

«Օրինակ՝ կան քրեական գործեր, ես մեր գործընկերներին հրավիրում եմ, ասում եմ՝ լավ, էս քրեական գործը արդեն 7-8-9 ամիս է՝ շարունակվում է, փաստերը կան, ինչո՞ւ առաջ չի գնում։ Եվ կա, օրինակ, էսպիսի պատասխան, որ այդ մեղադրանքը պետք է փորձաքննությամբ հաստատվի»,- ասաց Փաշինյանը։

Կոնկրետ օրինակով նա խոսեց նախկին պաշտոնյաներից մեկին առնչվող գործից։ Այդ նախկին պաշտոնյան, ըստ Փաշինյանի, անշարժ գույքի հարյուրավոր միավորներ ունի Երևանի փոքր կենտրոնում, բայց որպեսզի գնահատվի այդ ամբողջի գույքը, չկան համապատասխան սարքավորումներ, և փորձաքննություն անողները ստիպված են ուղղակի մետրով չափել գույքը, ինչը դանդաղեցնում է այդ գործի քննությունը։

Քննչական մարմիններն էլ, ըստ Փաշինյանի, հայտնում են, որ փորձագիտական ու նաև տեխնիկական կարողություններ չունեն։

«Մենք էսօր 300-400 հազար դրամ ստացող քննիչին ասում ենք՝ այ, գնա էդ, որ պետությունից 100 միլիոն դոլար է գողացել և մի 100 միլիոն դոլար էլ բանկում ունի, հիմա գնա, այ դրան բեր, պատասխանատվության կանչի։ Ասենք, որ էդ մեկը գալիս է հարցաքննության, երևի մենակ ժամացույցը՝ քննիչի ամբողջ կյանքի աշխատավարձն է»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ  քննիչները երբեմն հրաժարվում են գործերն ուղարկել դատարաններ, քանի որ  այդ գործերը չեն վստահում ներկա դատավորներին։

«Ասում են՝ մեր 400 հազար դրամ աշխատավարձով մեր արած աշխատանքը ուղարկենք, որ մեզ ու Ձեզ հայտնի դատավորները չագուճը խփեն սեղանին, ասեն՝ ցտեսություն, հարգելի թալանչի, կոռումպացված, գնա, հետո կտեսնվենք, ֆիզկուլտ պրիվետ»,- ասաց Նիկոլ  Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ