17 07 2019

Իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան

Իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր  պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունը: Այս մասին «Ազատության» եթերում՝ Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե իր ընտրությունից 14 ամիս է անցել, և այս ընթացքում որն է վարչապետի ամենամեծ և կարևոր ձեռքբերումը:

«Իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է ու Հայաստանի ժողովրդավար իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մայիսի 8-ին, երբ հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է 100 փաստ, որտեղ ներառված են եղել տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ և հիմա դրանք կրկնելու առիթ չի տեսնում:

«Ամենամեծն ու ամենաֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում: Ասեմ, որ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, իշխանությունը, այլև ընդդիմությունը, և մենք, անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ ընտրության քաղաքական բովանդակության հետ, շնորհավորել ենք, և հարգանքով ենք վերաբերվել: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք և հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության մեջ և այլ հարթություններում տեղի ունենա»:

Հրայր Թամրազյանը հարցրեց, թե կարծիք կա, որ կառավարման որակը բարձր չէ,  հարցվածների 22 տոկոսը որպես բացթողում նշում է վատ կառավարումը, 27 տոկոսն ասում է՝ ձախողում չկա, իսկ վարչապետի գրասենյակի մասին 72 տոկոսը դրական է արտահայտվել, այս թվերը կարո ՞ղ են վկայել, որ ամեն ինչ վարչապետի ուսերին է, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Կա՞ արդյոք ՀՀ-ում վատ կառավարում, իհարկե կա, ինչ կապ ունի նոր երիտասարդ թիմը: Պատկերացնենք կառավարման համակարգը, 2 տոկոսը նոր եկած թիմ է, և 98 տոկոս այն համակարգն է, որն ունեցել ենք իշխանափոխությունից առաջ: Այստեղ խնդիրը համակարգային է, մենք ասում ենք՝ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է, և պետք է որոշում կայացնեմ, թե օրինակ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը: Երբ կա կոռուպցիոն համակարգ, ապա ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այդ ջուրը, իսկ երբ չկա կոռումպացված համակարգ, և կառավարությունն ստիպված է գործել օրենքներով, պարզվում է, որ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այդ ծառություների համար, այսինքն իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել  և հիմա, երբ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ դա ցույց տալու համար է, աշխատելու համար հիմնական օրենքը եղել է կոռուպցիան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ