17  07  2019

Մենք սխալ ենք անում, այդ հանձնաժողովն արձանագրում է սխալը․ Էդմոն Մարուքյան

Մենք սխալ ենք անում, այդ հանձնաժողովն արձանագրում է սխալը․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Վենտիկի հանձնաժողովի վերջին եզրակացություններին։

«Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասը ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի․․․ Երբ չափանիշները չենք պահպանում եւ սխալներ ենք թույլ տալիս, ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որեւէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի եւ նմանատիպ կառույցների վրա: Մենք սխալ ենք անում, այդ հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որ մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողություններն իրապես մտահոգիչ են»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է վեթինգին, պատգամավորը նշում է․ «Ինչպե՞ս եղավ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգին աջակցել է, դիզայն է արել վեթինգը եւ Ալբանիան վեթինգով է անցնում հիմա, իսկ Հայաստանի պարագայում ասում է՝ բոլոր դատավորների վեթինգը անթույլատրելի է: Էդ ինչպե՞ս եղավ: Դա նրանից է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով չի զբաղվում: Վեթինգի հետ կապված այնպիսի մարդիկ էին մեկնաբանություններ տալիս, այնպիսի էքսպերտային լուրջ կարծիքներ հայտնում, որոնք ընդհանրապես իրավունքի հետ կապ չունեն: Այս մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված»,- նշել է Մարուքյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակին, Մարուքյանն ասել է․ «Այն մտահոգությունները, որ մենք հայտնել ենք, նույն մտահոգությունները հայտնել է Վենետիկի հանձնաժողովը: Հիմա հարց. Եթե մենք չափանիշներ ենք խախտում, ինչո՞ւ պետք է ինչ-որ մարդկանց հերոսացնենք: Ես կարծում եմ, որ հիմա ՀՀԿ-ականները հերոսացվում են, որ տեսեք, ինչ հզոր են հանրապետականները, որ ազդել են Վենետիկի հանձնաժողովի վրա: Դա ուղղակի աբսուրդ է, պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ եւ որեւէ մեկին անիմաստ հերոս չդարձնել, որ իբր ՀՀԿ-ականներն ազդում են Վենետիկի հանձնաժողովի վրա: Նման հեղինակավոր կառույցները ազդեցություններից զերծ են»։

Էդմոն Մարուքյանն ուղիղ եթեր է մտել ԱՄՆ-ի գերագույն դատարանի մոտից։ Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ