09 07 2019

Ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է․ ՀՀ ԱԳՆ

Ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է․ ՀՀ ԱԳՆ

 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 9-ին մասնակցել և ելույթ է ունեցել Սլովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի ԱԳ նախարարին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Նախարար Մնացականյանն անդրադարձել է ԵԱՀԿ գործունեության երեք հարթություններում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ, ըստ էության, ԵԱՀԿ-ն եվրոպական ճարտարապետության մաս է, որը միավորում է բազմակողմ համագործակցությունը մեծապես կարևորող մեծ և փոքր պետությունների: «Հաշվի առնելով ԵԱՀԿ առավել լայն աշխարհագրությունը, որտեղ ներկայացված են մասնակից պետություններ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից, ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, ինչպես նաև երկրներ, որոնք որևէ միության անդամ չեն, ապա պետք է ընդգծել, որ սա  կարևոր հարթակ է՝ փորձարկելու տարբեր գաղափարներ, տարբեր ճանապարհներ, որոնք ուղղված են եթե ոչ տարբերությունների հաղթահարմանը, ապա առնվազն դրանց կառավարմանը։ Սա շատ կարևոր արժեք է, որը պետք է ԵԱՀԿ շրջանակներում գնահատենք և պահպանենք»։

Անդրադառնալով մարդկային հարթությանը` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, Եվրոպայում տարածաշրջանային բազմակողմ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքի հիմքում է ընկած, թեև ներկայումս ակնառու է այս ուղղությամբ հետընթացը. «Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է»,- ընդգծել է ԱԳ նախարարը։ 

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է  ԵԱՀԿ շրջանակում առկա կառույցների՝ ԺՀՄԻԳ-ի, Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի, Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահել է վերջիններիս հետ համագործակցությունից:

«Մենք պետք է ապահովենք ԵԱՀԿ-ում առկա գործիքակազմի անխափան աշխատանքը: Այն պետք է պահպանվի և աջակցություն ստանա։ Մարդկային չափորոշիչների իրականացման հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը ցավալի է։ Այն ի ցույց է դնում, թե ներկայումս որքան պաշտպանողական է այս հարթությունում մեր գործունեությունը: Տարիներ շարունակ ներգրավված ենք եղել ԵԱՀԿ շրջանակներում մարդկային հարթության երկխոսության մեջ՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության դերը, և ըստ իս՝ նրան հետ մղելու փորձերն արդարացված չեն»։

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարն անընդունելի է համարել մարդու իրավունքների նկատմամբ ընտրողական վերաբերմունքը: «ԵԱՀԿ-ի շրջանակներում մենք ունենք հակամարտություններ: Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրենք կարգավիճակով չպայմանավորված մոտեցում:

Կան վայրեր, որտեղ մարդիկ ջանում են խթանել մարդու իրավունքները, սեփական ուժերով ստեղծելով համապատասխան ինստիտուտներ, քանի որ չեն վայելում այն աջակցությունը, որը շատերն ունեն: Անընդունելի է, երբ մի պարագայում դա տեղի է ունենում, իսկ մեկ այլ պարագայում՝ ոչ: Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով: Մենք պետք է ընդունենք դա և գտնենք անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տարածելու համար: Եվ, իհարկե, ես նկատի ունեմ նաև Արցախը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»:

Նախարարական ոչ պաշտոնական  հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացրել մի շարք գործընկերների հետ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ