08 07 2019

Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն. Արմեն Աշոտյան

Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ներկա իշխանությունների դիվանագիտական քաղաքականությանը:

«Անցած շաբաթվա վերջին հայաստանյան քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ նիստի իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը:

Աշոտյանը նշեց, որ ուրախ է, որ կատարված աշխատանքն իր արդյունքները տվել է, հայկական պատվիրակությունը կարողացել է խնդիրներ հարթել Լյուքսեմբուրգում. «Դեռ վերջնական որոշումը չկա Վեհաժողովի կողմից, բայց ըստ պատվիրակության, կարող ենք ասել, որ հիմնական վտանգները չեզոքացված են:

Սակայն, երբ իշխանությունների քարոզչամեքենան աշխատում է աննախադեպ, առնվազն ազնիվ քայլ չի արվում հասարակության և քաղաքական կենսափորձ ու աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ: Իրականում Լյուքսեմբուրգում հայկական պատվիրակության, Հայաստանի միացյալ ջանքերով չեզոքացվել են վտանգները, որոնք կարող էին և չլինել: Շատ ավելի ուժեղ բանաձևեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ մինչ իշխանափոխությունը: Այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում այդ ամեն ինչը փաթեթավորել ճռճռան թղթերի մեջ և մատուցել որպես աննախադեպ հաջողություն: Որևէ աննախադեպ բան տեղի չի ունեցել:

Այս ֆոնի վրա բարոյական չէ որոշ գործող խորհրդարանականների կողմից, որ իրենք հերոսական պայքարել են նախորդ իշխանությունների կողմից բացթողումներով կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված խնդիրների դեմ: Սա ազնիվ չէ: Նորից կրկնում եմ՝ նախորդ խորհրդարանն այս խորհրդարանին թողել է աննախադեպ ձեռքբերումներ, մեծ կատարված աշխատանք և շարունակելու հնարավորություն:

Հարգելի նոր իշխանություններ, մի փնտրեք ձեր անհաջողությունները նախորդների կատարած աշխատանքում, մանավանդ, որ մասնավորապես այս դեպքով առնվազն ստում եք: Եթե ինձ չենք հավատում, հարցրեք Արարատ Միրզոյանին, ով 2017 թվականից եղել է ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության կազմում: Երբ քննադատում ենք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք՝ Արարատ Միրզոյանը: Ես իհարկե չեմ հիշում, որ Միրզոյանը ելույթ ունեցած լինի ԽՎ-ի շրջանակներում, բայց վստահ եմ, որ նրա բարոյականությունը կների հերքելու իր թիմակիցների կողմից տարածվող հերյուրանքները»,-ասել է Աշոտյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ