26 06 2019

Ռոբերտ Քոչարյանը խոսեց ամենակարևորի մասին և կալանավորվեց․ Top-news.am

Ռոբերտ Քոչարյանը խոսեց ամենակարևորի մասին և կալանավորվեց․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Ոչ այնքան վտանգավոր է այն, որ Հայաստանի ղեկը հայտնվել է անփորձ, անգրագետ, անպատրաստ, քաղաքական առումով անչափահաս մարդկանց ձեռքում, որքան այն, որ նրանք մարտնչող համառությամբ չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, իսկ հնչող քննադատություններն ընկալում են որպես թշնամական հայտարարություններ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրությանը զգուշացրեց այս մասին, սթափության կոչ արեց, խոսեց ամենակարեւորի մասին եւ կալանավորեց: Սա «նոր» Հայաստանում արդեն սովորական երեւույթ է:

Իսկ Քոչարյանի հարցազրույցը պետք է կրկին նայել, կրկին ընթերցել: Հանրությունը այնտեղ կգտնի բազմաթիվ հարցերի պատասխաններ, քաղաքական առողջ ուժերը կփորձեն այնտեղ հնչած հարցադրումները դարձնել քաղաքական օրակարգի հարցեր, իսկ նրանք, ովքեր շարունակում են Քոչարյանին մեղադրել այս երկրի բոլոր խնդիրների համար, գուցե կսկսեն իրականությանը նայել առանց ինչ-ինչ ուժերի կողմից տրամադրած ակնոցների: 

«Լսելով Քոչարյանի հարցազրույցը, ուզում ես գնալ նրա հետեւից, քանի որ նա տեսնում է առաջընթացի, այս վիճակից դուրս գալու ճանապարհը, քանի որ նա մեծ փորձ ունի»,- լսելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նշեց մինչեւ վերջերս հանրության չկողմնորոշված հատվածի ներկայացուցիչներից մեկը:

Նաեւ հենց այս պատճառով է անհանգստացած իշխանությունը, քանի որ հասկանում են, որ վաղ, թե ուշ հանրության չկողմնորոշված հատվածը կողմնորոշվելու է, ստանալով իր հարցերի պատասխանը: Պատահական չէ, որ իշխանություններն ամիսներ առաջ ամենախայտառակ եւ ամոթալի ձեւով տապալեցին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ուժերից հանձնարարական է ստացել հնարավոր եւ անհնար բոլոր ձեւերով օր առաջ մեկուսացնել, չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին եւ նրա մերձավոր շրջապատին:

Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է բախտի բերմամբ շահած դիրք ստացած, բայց առավելությունն իրացնելու գաղափար չունեցող եւ դրա հետեւանքով նաեւ արդեն ժամանակի խնդիր ունեցող շախմատիստի նման: Այս իրավիճակում, որպես կանոն այդ շախմատիստը պարտվում է, թույլ տալով կոպիտ վրիպումներ:

Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելով Նիկոլ Փաշինյանն արեց այդ կոպիտ քայլերից հերթականը: Հիմա նա փորձելով իրացնել իր առավելությունը փորձելու է խաղատախտակից հանել Ռոբերտ Քոչարյանի տեսակի ռազմաքաղաքական (եւ ոչ միայն ռազմաքաղաքական) գործիչներին: Չզարմանաք, եթե Հայաստանում, այդ թվում եւ Արցախում նոր թիրախներ հայտնվեն: 

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում, կարծես փակեց Մեղրիի թեման: Նրա հակառակորդներն այն այլեւս ծամոնի նման բերանները չեն գցի: Պատահական չէ, որ հարցազրույցի հաջորդ օրը Մեղրիի մասին այլեւս ծպտուն չէին հանում: 

Քոչարյանը փակեց նաեւ չորս միլիարդի մասին հորինված լեգենդը, բայց փակեց հանրության առավել գրագետ հատվածի մոտ, մյուսներին դեռ բացատրել եւ բացատրել է պետք:

Քոչարյանի ընդդիմախոսները նրան քննադատելուց, աշխարհի բոլոր մեղադրանքները ներկայացնելուց առաջ պետք է բացատրեն, թե ինչպես այդ «վատ» նախագահը Հայաստանի ՀՆԱ-ն 1,9 մլրդ-ից հասցրեց մոտ 12 մլրդ-ի, իսկ բյուջեն 300 միլիոնից դարձրեց 2,4 մլրդ: 

Ավելի քան տասը տարի Քոչարյանի դեմ հակաքարոզչությամբ էին զբաղվում մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով տապալեցին տնտեսությունը, ժողովրդին հասցնելով աղքատության: Ստեցին, ստեցին, այնքան ստեցին, որ այսօր նույնիսկ հավատում են իրենց իսկ հորինած ստին: Հավատում են եւ մոռացել են, որ իրենց կառավարման տարիներին Երեւանում ընդամենը մի քանի փողոց էր գիշերը լուսավորվում: Մոռացել են ոչ միայն դրա, այլ շատ ու շատ փաստերի մասին: 

Իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանում օր առաջ պետք է ձեւավորվի քաղաքական այլընտրանքային բեւեռ, որը թույլ կտա, հնարավորություն կտա գտնել այս խայտառակ վիճակից դուրս գալու ելքերն ու ուղիները: Ընդ որում, բեւեռը պետք է հնարավորին չափ շուտ ձեւավորել: Իրավիճակն այնպիսին է, որ այս հարցում հապաղելը տխուր, շատ տխուր հետեւանքների կհանգեցնի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ