25 06 2019

Նիկոլ Փաշինյանը դեռ վառված է նախկիններից. Մարգարիտ Եսայան



«Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն չեն գիտակցում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամբողջ խորությունը: Նրանք չեն գիտակցում, որ այդ  հարաբերություններից է բխելու տարածաշրջանում Հայաստանի ավելի անվտանգ գործունեությունը»,- Yerevan.today-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունք ստանալու վերաբերյալ հարցին՝ հայաստանյան պատվիրակության քվեարկությանը:

Նշենք, որ իշխանական պատգամավորները չէին մասնակցել քվեարկությանը, իսկ դեմ քվեարկած Ռուբեն Ռուբինյանն էլ հետո հայտարարել էր, որ ինքը սխալմամբ է դեմ քվեարկել:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների անկմանը՝ նախկին պատգամավորը հույս հայտնեց, որ ներկա իշխանությունները գուցե ի վերջո հասկանան հարցի լրջությունը:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ այսպիսի չար կատակներ չի կարելի անել»,- նկատեց Եսայանը:

«Այդ դուխը պետք է երևա արտաքին քաղաքական գծում: Ոչ թե օդի մեջ, տղայական վիճակում ասել, որ ես ԱՄՆ-ին ամենաշատն եմ քննադատում և Պուտինին էլ էսպես պահանջկոտ հայացքով եմ նայում, այդպես չի լինի: Արցախի հարցում իրենք փոշիացնում են ամբողջ կապիտալը, որն ունեինք: Նրանք փորձում են աղավաղել ամբողջ Արցախի պատմությունը: Նիկոլ Փաշինյանն  ինքը չի կարողանում հասկանալ, թե Արցախի խնդրում ինքը ինչ է անում»,- ասաց նախկին պատգամավորը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ տարվող վարչապետի քաղաքականությանը, նշելով նաև, որ Փաշինյանը կոնկրետ կենտրոններից հրահանգավորված կերպով աղավաղում է Արցախի խնդիրը:

Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Փաշինյանն այս մեկ տարվա ընթացքում պարբերաբար հանդես է գալիս նախկինների՝ այդ թվում ՀՀԿ-ի քննադատությամբ:

«Նա նախկիններից խոսում է միայն նրա համար, որովհետև այլ ասելիք չունի: Թող խոսի իր քայլերից, իր խոստումներից: Նիկոլ Փաշինյանը դեռ վառված է նախկիններից և փորձում է ինչ-որ բաների համար վրեժխնդիր լինել»,- նկատեց Եսայանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի ձևակերպմամբ՝ այդ թալանչի մարդիկ այսօր վճարում են վարչապետի տիկնոջ հիմնադրամին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ