20  06  2019

Ցուցարարները գոհ չեն վարչապետի հետ հանդիպումից

Ցուցարարները գոհ չեն վարչապետի հետ հանդիպումից

Հունիսի 19-ից ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները նստացույց են անում ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել եկամտային հարկի առաջարկվող համահերթեցումը և սահմանել չհարկվող շեմ։ Հունիսի 20-ին նրանք շարունակել են իրենց նստացույցը ԱԺ-ի դիմաց։

Ակցիայի մասնակիցներին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա զրուցեց ցուցարարների հետ և խոստացավ ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել։

Նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Փաշինյանն իրենց հետ զրույցում համաձայնել է՝ սկզբունքային տարբեր մոտեցումներ կարող են լինել։ «Նա համոզված էր կամ համոզել էին, որ օրենսդրական այդ փաթեթով կարող են ստվերից դուրս բերել եկամուտները, բայց մենք պնդեցինք, որ միջազգային նման փորձ չկա, ու բերեցինք, օրինակ, Վրաստանի փորձը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներին, որի մի մասը սուբսիդավորում է պետությունը, վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել։ «Օրինագծով նախատեսված է, սակայն, որ պարտադիրի վճարն ընկնում է աշխատողի կամ հարկատուի վրա, այսինքն՝ երբ օրենքն ընդունվի, կառավարությունն այլևս չի փոխհատուցելու 2,5 տոկոսը, որն այժմ փոխհատուցում է»,- բացատրել է մեր զրուցակիցը։

Հարցին` հուսադրո՞ղ էր հանդիպումը, «Ահազանգ»-ի անդամը պատասխանել է․ «Հուսադրող չեմ համարի։ Մի մեջբերում կանեմ վարչապետ Փաշինյանի հետ զրույցից, նա ասաց` նախագիծը պետք է փորձենք, տեսնենք՝ ինչ ազդեցություն ունի, նոր միայն դրանից հետո օրինագծի վերաբերյալ վերջնական տեսակետ կունենանք»։

Քրիստինե Վարդանյանը նաև հայտնել է, որ նստացույցը դադարեցնելու հորդոր վարչապետի կողմից չի եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ