18  06  2019

Իշխանությունների գլխավոր թշնամին․ Yerkir.am

Իշխանությունների գլխավոր թշնամին․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրերս տեղի ունեցած համագումարում, այս ուժի ոչ երկրորդական դեմքերը, դարձյալ խոսել էին թշնամիների, իրենց պատերազմ հայտարարածների, այլ խոսքով հակահեղափոխականների եւ նրանց դավադրությունների մասին: Կասկած չկա, որ այս թեման, եւ անցյալի ուրվականների հետ կռիվը լինելու է վերջիններիս գլխավոր ասելիքն ու գործողությունների մղող մտայնությունը՝ մինչեւ իրենց իշխանության ավարտը: Իմ կարծիքով, սակայն, Հայաստանի ներկա իշխանության գլխավոր թշնամին ժամանակն է:

Որ ժամանակն իր դեմ է աշխատելու Ն. Փաշինյանը հրաշալի հասկանում էր դեռ այն պահին, երբ, սահմանադրական կարգի կոպիտ ոտնահարմամբ, խորհրդարանին պարտադրեց ինքնասպանություն եւ երկրին՝ շուտափույթ ընտրություններ: Իրապես էլ իշխանափոխությունից մոտ մեկ տարի անց ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ տաքսու վարորդները, տնային տնտեսուհիները եւ նորաթուխ ու ջղագար «սփյուռքահայերն» էին հասկանում, որ եթե նույն օրերին ընտրություններ տեղի ունենային «թավշյա»,« ոչ բռնի», « ժողովրդավար» «հեղափոխականները» հավաքելու էին միանգամայն այլ քանակի ձայն՝ ամենայն հավանականությամբ լինելով առաջին տեղում: Ի դեպ այդ կացությունը, հավանաբար, կթելադրեր վերջիններիս որդեգրելու մի փոքր այլ վարքագիծ, մասնավորապես չանել հերթական ոտնձգությունը սահմանադրական կարգի դեմ՝ կաթվածահարելով երկրի ողջ դատական համակարգի գործունեությունը: Բայց խոսքն այս մասին էլ չէ այլ այն, որ ամենազոր ժամանակը բացահայտում է նոր իշխանության անկարողությունը՝ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, առաջընթացի ապահովման հարցերում:

Խնդիրն այն է, սակայն, որ շատ բացասական գործընթացներ հիմնարար, միաժամանակ խորքային բնույթ ունենալով առայժմ նվազ տեսանելի են բոլորի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին կուռք սարքած զանգվածի մի մասի համար:

Հայաստանի քաղաքական տնտեսական եւ այլ մարզերի մոտակա հեռանկարի վրա մեծ ազդեցություն են ունենալու այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են իշխանությունների ապակառուցողական ներհասարակական-ներքաղաքական գործելակերպը, արտաքին քաղաքական (այդ թվում Արցախի հարցում) հստակ կողմնորոշումների եւ հայեցակարգերի բացակայությունը, տնտեսական զարգացման ծրագրերի եւ պատկերացումների չգոյությունը, կառավարման համակարգի ձեւախեղումը, երկրում հեղինակապետական կոշտ վարչակարգի հաստատման ճիգը, եւ վերջապես երկրի ողջ վարչական ու խորհրդարանական կադրային անձեռնհաս ներուժը:

Ավելի առարկայական լինելու համար փաստենք, որ այս նույն պատճառներով 2019 թվականին կտրուկ պակասել են արտաքին ու տեղական ներդրումները, խորհրդարանը աշխատում է անհրաժեշտ-հնարավորի ամենացածր արդյունավետությամբ, հնարավոր են դրսից ստացվող ապրանքների շոշափելի թանկացումներ, որոնք էլ կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ ապրանքների ու ծառայությունների թանկացումների առումով, պատճառ դառնալով նաեւ ներքին արտադրանքի թանկացմանը եւ որոշ արտադրությունների կաթվածահար լինելուն: Ներքին խմորումներն ու արտաքին հարաբերությունների անհստակությունը կարող են ավելացնել երկրի նկատմամբ կիրառվող ուղղակի եւ անուղղակի ճնշումներն ու բարդացնեն իրավիճակը արցախյան բնագծում:

Կարծում եմ, ասվածը չափազանցություն չի համարվի քանի որ այն, ինչի մասին խոսվում է, արդեն իսկ տեսանելի ծիլեր է տվել: Այնուամենայնիվ սրանք հիմնականում խորքային գործընթացներ լինելով եթե ահազանգի առիթ են երեւույթների ծալքերը տեսնողների համար, ապա ժողովրդի մի մեծ հատված դրանց ազդեցությունն իր մաշկի վրա թույլ է զգում եւ հակված է դեռ սպասելու գեղեցիկ խոստումների իրագործմանը:

Չի կարելի ասել, որ իշխանությունը առկա վիճակը եւ զարգացումների ընթացքը չի տեսնում, բայց հակամիջոցների չձեռնարկմամբ նա ոչ թե հակված է ինքնասպանության, այլ պարզապես չի տեսնում ելքերը, կամ իր սխալ պատկերացումներով, գնում է կեղծ թիրախների ետեւից: Կարելի է իհարկե ամեն օր մի քանի աղմկոտ դատավարություններ կազմակերպել երկրում, կարելի է անընդհատ խոսել նախկինում կատարված հանցագործությունների մասին, կարելի է օրական տասն անգամ ժողովրդի կենացը խմել եւ հաճոյախոսել նրա հասցեին, բայց ակնհայտ է, որ այլեւս չկա նախկին ոգեւորությունը, այս կամ այն նախկին ու ներկա պաշտոնյային պատժված տեսնելու կիրքը եւ մարդիկ ավելի շատ մտահոգվում են, թե ինչ է լինելու իրենց ու իրենց երկրի բազում հիմնահարցերի հետ:

Մի օր այս մարդիկ իշխանությանը հարց են ուղղելու. հերիք չէ՞ հետհեղափոխական բարդություններով արդարացնել սեփական անճարակությունը, «վեթինգների», հաշվեհարդարների անհրաժեշտությամբ ֆռռացնել մի ողջ ազգի երբ, այսպես կոչված, հեղափոխության հետեւանքում ոչ դասակարգային բախում է եղել, ոչ ավերիչ պատերազմ ու բռնություններ, ոչ վարչա-իրավական համակարգերի ու տնտեսական կացութաձեւերի փլուզում:Իհարկե գլխավոր մտահոգությունը մնում են ժողովուրդն ու երկիրը, որոնք կարող են ճակատագրական կորուստներ ունենալ՝ քանի դեռ երկրի ղեկը այս ու այն կողմ են թափահարում պատասխանատվության զգացումից զուրկ փորձարարները:

Իշխանությունը լուրջ քննության առջեւ է կանգնած եւ եթե կարծում է, թե դատական համակարգը ճորտացնելով, այլընտրանքային կարծիքի դեմ սոցիալական ցանցերի քերծեներին քսի տալով, կեղտոտ փողեր օրինականացնելով երկրի իրավիճակը բարելավելու է, ապա խորհուրդ կտանք հաճախակի նայել ժամացույցին՝ գլխավոր թշնամին ժամանակն է, որին ոչ հնարավոր է վարկաբեկել, ոչ ծեփել պատերին, ոչ դատել եւ ոչ էլ շրջափակել ու ընթացքը կասեցնել»։

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ