18  06  2019

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը դատի կտա Նարեկ Մալյանին

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը դատի կտա Նարեկ Մալյանին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, անդրադառնալով ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի` նախօրեին արված հայտարարություններին, ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկար մտածում էի որևէ կերպ հրապարակային չարձագանքել նախօրեին իմ հասցեին հնչեցված աբսուրդ մեղադրանքներին, քանի որ դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է: Այսուհանդերձ, հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը անհրաժեշտ եմ համարում խնդրին անդրադառնալ նաև այստեղ:

Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սև PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձևավորելը սեփական անձը կարևորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաև իրավական պատասխան տալ:

Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաև այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ և փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:

Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է»։

Նշենք, որ ՎԵՏՕ-ն 5 հարց է ուղղել ԱԱԾ տնօրենին, որոնցից մեկն է`«Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը  բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ, և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ