18 06 2019

Պատմություն՝ մեկ հանդիպումից. 168.am

Պատմություն՝ մեկ հանդիպումից. 168.am

168.am-ը գրում է.

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բավական լուրջ իրարանցում է առաջացրել ՀՀ իշխանությունների ներսում: Առաջին հայացքից որևէ արտառոց իրավիճակ չենթադրող հանդիպումը, ինչպիսիք տեղի են ունենում ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանների և ՀՀ նախկին նախագահների հետ, պարզվում է՝ խիստ նշանակալի ու էական է գործող իշխանությունների համար, որոնք արդեն քանի օր է՝ իրար հետևից, չեն ողջունում դեսպանի այդ քայլը:

Նախ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր հայտարարել, թե չի ողջունում դեսպանի այդ հանդիպումը։ Երեկ էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանից էին պատգամավորները հետաքրքրվել՝ արդյոք ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հետաքրքրվե՞լ է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակության վերաբերյալ, կամ ինչո՞ւ մինչև հիմա դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ պարզաբանման համար:

Գ.Հովհաննիսյանն էլ ստիպված է եղել հայտարարելու, որ դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել, ինչի համար նրան կարող էին հրավիրել ԱԳՆ՝ բացատրությունների. «Անշուշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք, բայց դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևիցե կտրուկ առարկություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»:

Բայց պարզվում է՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «սխալ» է տեսել դեսպանի քայլի մեջ և նրան հրավիրել է ԱԳՆ՝ պարզաբանումների: Երեկ ավելի ուշ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հանձնաժողովի նիստից հետո ինքը խոսել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, և վերջինս իրեն տեղեկացրել է, որ իրականում ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ «ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»։

«Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- գրել է Ռուբինյանը՝ փորձելով մեղմել ստեղծված զավեշտալի իրավիճակը։

Սակայն, միևնույն է, հետաքրքիր է՝ ի՞նչ պատճառաբանությամբ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը հրավիրվել ԱԳՆ, եթե նույն ԱԳՆ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյան՝ փոխնախարարը, համարում է, որ դիվանագիտական առումով դեսպանը որևէ արարողակարգ չի խախտել, որևէ սխալ թույլ չի տվել, ինչի վերաբերյալ որևէ խոսք չկա ո՛չ Ռուբինյանի, ո՛չ էլ ԱԳՆ-ի կողմից: Բայց ռուս վերլուծաբանների հետ զրույցում, թերևս, հասկանալի է, թե որն է ՀՀ ԱԳՆ նման պահվածքի պատճառը:

Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ «վիճահարույց» հանդիպմանը՝ ասել է.

«ՌԴ դեսպանի հանդիպումը Ռ. Քոչարյանի հետ պետք չէ դրամատիզացնել, քանի որ Կրեմլը ցուցադրում է իր լավ հարաբերությունները Քոչարյանի հետ, իսկ Փաշինյանը մինչ այս պահը չի դարձել մերոնքական Կրեմլի համար»: Նրա խոսքով՝ Փաշինյանին հասկացնում են, որ նա «մերոնքական» չի դարձել և քիչ հավանական է, որ կդառնա։

«Քոչարյանը և Սարգսյանը մեր ակումբի անդամներն էին՝ ռուսամետ, եվրասիական, իսկ Փաշինյանը փորձում է իրեն դիրքավորել՝ որպես եվրասիական, բայց մենք նրան այդքան էլ չենք հավատում և մենք հիմքեր ունենք իրեն չհավատալու ու մենք դա հասկացնում ենք։ Չեմ կարծում, որ դա կունենա մեծ քաղաքական հետևանքներ, գուցեև դրական է, քանի որ վերջին շրջանում Մոսկվան մշակում է հարաբերությունների կառուցման որոշակիորեն նոր ավանդույթներ այն գործիչների հետ, որոնք դուրս են ավանդական եվրասիական շրջանակից։ Այսինքն՝ Մոսկվայի համար դա կարևոր է, քանի որ ամենուր նոր մարդիկ են Վրաստանում, Հայաստանում, Ղրղըզստանում արդեն այն չեն, ուստի այստեղ հարցը նույնիսկ Քոչարյանն ու Փաշինյանը չեն, եթե լրջորեն խոսենք»,- ասել է Դուբնովը։

Իսկ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ դեսպանի հանդիպումը Ռ. Քոչարյանի հետ նմանատիպ առաջին քայլը չէ։ Ըստ նրա՝ ՌԴ վերաբերմունքն այդ ամենի վերաբերյալ շատ հասկանալի ու պարզ է՝ Քոչարյանը ԼՂ առաջին նախագահն է, ՀՀ երկրորդ նախագահը։

«Հայաստանում, ի վերջո, Սահմանադրություն գոյություն ունի, նախագահն անձեռնմխելի է, վե՛րջ։ Պորոշենկոն մաքուր հանցագործ է, նույնիսկ նրան անձեռնմխելիությամբ են ապահովել։ Բնականաբար, այդ ամենը բացասական արձագանք է առաջացնում, խոսքը հաշիվներ մաքրելու մասին է։ Ուստի Մոսկվան սրանով և նման քայլերով ցույց է տալիս, որ կան խաղի կանոններ, որոնք պետք է պահպանել, և հարցն այստեղ Քոչարյանի մեջ չէ անձնապես»,- ասել է Տարասովը։

Նրա խոսքով, եթե իշխանություններն այդ կանոնները չեն պահպանում, ապա դիտարկվում, ընկալվում են՝ որպես ոչ քաղաքակիրթ այն շրջապատում, որտեղ նրանք հայտնվում են, չեն դիտարկվում՝ որպես «մերոնքական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ