17  06  2019

Մտորումներ նիստից հետո․ Panorama.am

Մտորումներ նիստից հետո․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Տհաճ, շատ տհաճ նստվածք թողեց դատական նիստը, որտեղ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա․Դանիելյանը մերժելով նախորդ նիստում Ռ․Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն բացարկ հայտնելու միջնորդությունը՝ ինքն իրեն դրենց աննախանձելի վիճակում։ Խորհրդակցական սենյակում նա չէ՞ր մտածում, որ իր գործունեությանը քաջածանոթ փաստաբանները կանցնեն ավելի կոշտ գրոհի,և ինքնաբացարկի հաջորդ միջնորդություններն արդեն կառնչվեն իր մասնագիտական ու մարդկային ոչ այնքան բարձր որակներին, ինչը շրջանցեցին մակագրման հետ կապված առաջին միջնորդությունը ներկայացնելիս։

Ենթադրենք, իր մասին չէր մտածում, բայց գոնե մերձավորների մասին մտածեր, ում հաստատ հաճելի չէր հրապարակավ լսել, որ իրենց հարազատը վատ դատավոր է։ Ինչի՞ համար․․․ վեթինգի՞։ Կարող ենք ասել, որ դատավոր Դանիելյանը հանրային քննությունը ձախողեց։ Եվ եթե վաղը-մյուս օրը նա փայլուն անցնի այս վայ կառավարության վայ վեթինգը, դրանով լիովին կապացուցվի դատական համակարգի մեջքը ջարդելու մասին կանխատեսումները։ Ասենք չմոռանանք, որ պարոն Դանիելյանը ևս մեկ հնարավորություն ունի ինքնանբացարկ հայտնելու և ինքն իրեն հետագա քավարանից ազատելու համար։ Սպասենք հունիսի 18-ին։

Մտորումների տեղիք տվեց ոչ միայն դատավորը։ Ի դեպ, վերջին շրջանի փորձը ցույց տվեց, որ դատախազներին ու դատավորներին ճանաչելու, այսինքն՝ հանրային «վեթինգի» ամենակարճ ու անսխալ եղանակը դռնբաց դատավարություններն են։

Տեսեք, նույն դատախազները, ովքեր մի երկու շաբաթ առաջ անվստահություն էին հայտնել դատավոր Վազգեն Ռշտունուն՝ ընդամենը մեկ այլ դատավորի կայացրած որոշմանը համամիտ լինելու պատճառով, Արմեն Դանիելյանի դեպքում համառորեն «չեն լսում» պաշտպանական կողմի հազարապատիկ անգամ հիմնավորված անվստահության հիմքերը, և գտնում են, որ դատավորը ինքնաբացարկ չպետք է հայտնի։ Այլևս չեն էլ ամաչում արդեն առօրեական դարձած երկակի ստանդարտների բացահայտ դրսևորումներից ։

Չնայած պարզ է, որ եթե ստանձնել են շինծու մեղադրանքների պաշտպանությունը, բնականաբար ամեն քայլափոխի ստիպված են դեմ գնալ իրենց խղճին ու օրենքին։ Բայց այս գործը մեկանգամյա սուտ չէ, սա ստերի անվերջանալի շարան է, որտեղ ամեն հաջորդ սուտն ավելի խորն է ներքաշելու ճահիճի մեջ։

Հետաքրքիր է, ի՞նչ պետք է ստանան դրա դիմաց, որը կկարողանա փոխհատուցել անցողիկ այս պահին դրսևորած մասնագիտական անսկզբունքայնությունը։

Հունիսի 14-ի դատական նիստը նաև հաստատեց այն մտավախությունը, որ հայ հանրությունը գերի է դարձել մարտի 1-ին։ Ո՞վ որոշեց, որ հանրային պահանջ է վերաբացել մի գործ, որը կատարվել էր բոլորիս աչքի առաջ, վաղուց քննության էր ենթարկվել, օրինական դատավաճիռներ են կիրառվել։

Ո՞վ․․․ միայն այն մարդիկ, ովքեր ուզում են սրբագրել իրականությունը, փոխել մեղավորներին և մաքրվել պատմության առաջ։ Մարդիկ, ովքեր մնացել են 2008 թվականում և չեն ուզում առաջ շարժվել՝ բալաստի պես բոլորի վզին փաթաթելով իրենց բարդույթներն ու խնդիրները։ Եթե անգամ մի փոքր նշույլ լիներ, որ այս քննությամբ փարատվելու են սպանությունների հետ կապված բոլոր կասկածները և բացահայտվելու են բուն կրակողները՝ հասկանալի կլիներ հանրային պահանջ ասվածը։

Բայց գործի ընթացքը ավելի շատ նմանվում է հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելուն։ Իսկ հանրային պահանջը միշտ և հիմա այն է, որ հանրության միամիտ ավանակի տեղ չդնեն։ Հաշվե՞լ են, թե անցյալ տարվանից, այս դատի հետ կապված՝ լրագրողները քանի ժամ են անցկացրել դատարանների միջանցքներում այն դեպքում, երբ կարող էին այդ կորցրած ժամերն օգտագործելով ՝ իմանալ և հանրությանն իրազեկել իրական քաղաքականության խութերի մասին, որպեսզի մեզ հուզող անվտանգային հարցերի մասին այսօր ուրիշներից չիմանայինք։

Այս դատն արդեն դարձել է մեր պետության աշխատանքային թափանիվի մեջ նետած երկաթի կտոր, որը խաթարելով բնականոն աշխատանքը, ի վերջո փչացնելու է ամեն ինչ։Հետևապես և այն պետք է հեռացնել՝ գործը կարճելով։

Հունիսի 14-ի նիստը նայելիս մի պատմություն հիշեցի․ ծանոթներիցս մեկը շուն ուներ՝ ազնվացեղ, գեղեցկագույն, խնամված երկարամազ կոլլի։ Նրա տպավորիչ ու մի տեսակ ջենտլմենական տեսքը հիացմունք էր առաջացնում։ Բայց մի անգամ խորապես հիասթափվեցինք, երբ փողոցում նրա դիմաց անսպասելի հայտված փոքր ու անդուր բակային մի շնիկ իր ճղճղան հաչոցով սարսափեցրեց մեր ազնվական կոլլիին․․․ Բան չասեցի, ուղղակի հիշեցի։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ