12  06  2019

Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել․ քաղաքագետ

Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել՝ ժողովրդավարություն, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ժողովրդի մեծամասնությունն է որոշում, թե ինչ որոշումներ է պետք է ընդունվի բոլորի համար։

Իրականում դեմոսը Հին Հունաստանում բոլորովին այլ իմաստ ուներ։ «Դեմոսը» Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ։ Դեմոսը, ի տարբերություն Լաոսի, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում, որոշակի սեփականություն ու սոցիալական ցենզ ունեցող մարդիկ էին։ Սոցիալական ցենզի տակ հասկանում էին որոշակի տարիքի, ամուսնացած և սերունդ ունեցող մարդկանց։ Սեփականության առկայությունը նշանակում էր, որ այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեն, ինչի հետևանքով նրանք կյանքին ավելի լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Ավելի երիտասարդները պետք է համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերեին, որպեսզի կարողանային որոշումներ ընդունել՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունենալ։

Լաոսը՝ ողջ ժողովուրդը, բաղկացած էր երեք մասից՝ Դեմոս, Օխլոս և Պլեբոս։Օխլոսը ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից», իսկ Պլեբոսը մանր սեփականատերերն էին։

Դա Հին Հունաստանում էր։ Կյանքը առաջ է գնացել, սակայն որոշումներ ընդունելու պատասխանատվության համար կյանքի փորձը, մերձավորների հանդեպ սոցիալական պատասխանատվությունն ու կորցնելու բան ունենալը մնում են ուժի մեջ։

Սակայն Լաոսը՝ ողջ ժողովուրդը, երբ նրա մեջ գերակշռում է Օխլոսը, այլ պահանջներ ու պատկերացումներ ունի։ Նման Լաոսը ցանկանում է աուկցիոնի մասնակցել, և նրանք, ովքեր կխոստանան վերաբաշխել ունեցվածը՝ մեկից խլել և տալ մյուսին, բնականաբար նրան էլ կընտրեն։

Կարևոր չի, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մեկից որևէ բան են խլում, դրանով չեն կիսվում։ Բայց դա կարևոր չի։ Կարևորը աուկցիան է՝ դրան մասնակցելը և որոշակի ժամանակահատվածում ապրելը հույսով և հավատով։

Դեմոսը, ի տարբերություն Օխլոսի, դատարանները շրջափակելու խելահեղ կոչը լսելիս դա չի կատարում։ 

Հիմա առաջնային է «քաղաքացի» հասկացությունը։ Ո՞վ է քաղաքացին. այդ հարցի պատասխանը «Ժողովրդի վարչապետը», նշելով Քաղաքացու օրը, չի տվել։ Քաղաքացին ունի իրավունքներ ու պատասխանատվություն, և քաղաքացու գլխավոր արժեքը ազատությունն է։ Քաղաքացին չէր կարող դատարաններ շրջափակել. դա Օխլոսին բնորոշ պահվածք է։ Քաղաքացին դատարանները բարեփոխում է, իսկ նման կոչը միայն Օխլոսին են անում։ Կյանքը ցույց տվեց, որ Օխլոսը Հայաստանում այնքան էլ բազմաքանակ չի։Պարզ ասած՝ օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և հիմքում ունենալ առաջին հերթին պատասխանատվությունն ու խոհեմությունը, իսկ բարեկեցությունը դրա հետևանքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ