12 06 2019

Ինչո՞ւ հայկական կողմը բարձրաձայնեց և խրախուսեց պատժիչ գործողությունը․ 168.am

Ինչո՞ւ հայկական կողմը բարձրաձայնեց և խրախուսեց պատժիչ գործողությունը․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից հունիսի 1-ին, ժամը 07։30-ի սահմանում զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին:

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ զինծառայողները բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը չի ուշացել ադրբեջանցի զինծառայող էլշան Խալիլովի մահից հետո։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ հայկական կողմը նպատակ ունի տապալել բանակցությունները և մեծացնել տարածաշրջանում առկա լարվածությունը: Ավելի վաղ Ադրբեջանը հայկական կողմերին մեղադրել էր մայորի մահվան մեջ։

Սակայն հունիսի 6-7-ն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնորեն անդրադարձել էր այդ մեղադրանքին՝ վստահեցնելով, որ իրենք ապացույցներ են ուղարկել համանախագահներին այն մասին, որ այդ օրը հայկական կողմը որևէ կրակոց չի արձակել։

«Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի` մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։ Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զինվորների զենքերը, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այս ամենը նույնպես հաստատել են։ Կա տեսանյութ, որն ապացուցում է, որ ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին, ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։

Չնայած դրան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ նման վեճերից խուսափելու համար անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016-ին Վիեննայում։

ՀՀ ՊՆ ղեկավարն առաջին անգամ է նման կերպով պարգևատրում պատժիչ գործողության հեղինակ հայ զինծառայողներին, ինչը, անշուշտ, աննախադեպ իրադարձություն է, որը մեծ ուշադրության, ինչպես նաև քննադատության արժանացավ այս օրերին մամուլում և սոցիալական հարթակներում։ Նախկինում ևս ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ ադրբեջանական ոչ մի սադրանք և գործողություն սահմանին անպատասխան չի մնում:

Ավելին՝ այդ պատասխանը ժամանակ առ ժամանակ ներկայացվում էր՝ որպես անհամարժեք, այսինքն՝ մի քանի անգամ ավելի ծանր պատասխան հայկական յուրաքանչյուր կորստի դիմաց։ Սա հայկական ռազմական դիվանագիտության մեջ նոր երևույթ է և, ըստ փորձագետների, ամիսներ առաջ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարած «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ռազմավարության շրջանակում է, բայց այնուամենայնիվ, սա նոր պատասխան է ադրբեջանական կողմին, որը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին նոր միտումների հետևանք է, ինչն իր հերթին ադրբեջանական կողմից նոր սպառնալիքների առիթ կարող է դառնալ։

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը, խուսափելով որևէ գնահատական հնչեցնել կոնկրետ իրավիճակի և զինծառայողներին պատժի համար խրախուսելու որոշման վերաբերյալ, համաձայնեց ՀՀ վարչապետի հնչեցրած այն մտքին, որ հարկավոր է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցում հաստատակամ քաղաքականություն վարել, քանի որ Դուշանբեի պայմանավորվածությունները փոշիանում են։

Նրա խոսքով՝ պատժիչ գործողություններ շփման գծում իրականացնում են բոլոր կողմերը, սակայն դրանց հանրայնացումը և խրախուսումը, ամենայն հավանականությամբ, դիտարկվում է՝ որպես զսպող ակտ։

Նա ասաց, որ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարի ամիսներ առաջ արած հայտնի հայտարարություններից հետո կանխատեսելի էր, որ հակառակորդին զսպելու քաղաքականության գլխավոր բեռը ստանձնում է ՀՀ ՊՆ-ն, քանի որ արտաքին քաղաքականությունը համակարգող գերատեսչությունը զբաղված է բանակցություններով և մարդասիրական ծրագրերով, որոնք, ինչպես հայտարարվում է, պետք է ծառայեն կողմերի միջև անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը։

«Ամիսներ առաջ, երբ այդ հայտնի հայտարարությունն արվեց, պատահական չէր, կանխատեսելի էր, որ առանց բանակցային սեղանին լուրջ համաձայնությունների՝ իրավիճակը շփման գծում երկար խաղաղ ժամանակ չի պահպանվելու, հատկապես, երբ չհաջողվեց նաև առաջընթաց արձանագրել մեխանիզմների ներդրման հարցում։

Ավելին, վերջին շրջանում շփման գծում փոփոխված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեի պայմանավորվածությունները՝ օպերատիվ կապի և իրավիճակը վերահսկելու շուրջ, չեն օգնում, չեն գործում, պատահելու են սադրանքներ, ուստի ավելի գործուն մեխանիզմների կարիք կա, որոնք կվայելեն բոլոր կողմերի և միջնորդների վստահությունը։ Պետք է նաև հաշվի առնել, որ նման խրախուսումները ներքին և արտաքին լսարաններում տարբեր արձագանքներ են ստանում։ Բացասական արձանագրումն այն է, որ չի հաջողվում դրական հանգրվանի հասնել բանակցություններում, և իրավիճակը բավականին վտանգավոր է»,- ասաց նա։

Իր հերթին՝ բրիտանացի փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ համանախագահների խնդիրն է՝ այս լարվածության պայմաններում կազմակերպվելիք նախարարական հանդիպմանն ընդառաջ վերացնել շփման գծում առաջացած վտանգները։

Ըստ նրա՝ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է իրավիճակը նման կետից դուրս եկել վերահսկողությունից, լարվել և դարձել անկառավարելի։

«Համանախագահների տարածաշրջան կատարած այցին հետևող այս լարվածությունը, զոհերը շփման գծում ցույց են տալիս, որ ներկայիս բանակցային օրակարգը չի վայելում կողմերից գոնե մեկի հավանությունը։ Հայկական կողմի որոշումն աննախադեպ էր, կա վտանգ, որ այս լարվածությունը կունենա շարունակություն, ուստի պնդում եմ, որ պետք է համանախագահները լրջորեն ուսումնասիրեն իրավիճակը և հասնեն լարվածության չեզոքացման։

Ավելին, իրավիճակը, որը ստեղծվել է, երկու կողմերին պարտադրում է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, դրանց մի մասն ընթացքի մեջ էր, պետք է պարզապես դրանց նոր թափ հաղորդել, և այսուհետ նման դեպքերը կլինեն ապացույցներով, ինչը հիմք կտա հասցեական հայտարարություններ անել համանախագահ երկրներին ամենաբարձր մակարդակով։

Իսկ այս իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, քանի որ կրկին բարձրանում է լայնածավալ գործողությունների վտանգը շփման գծում: Այնինչ բավականին դրական ակնկալիքներ կային ամիսներ առաջ, և կարծես կողմերը գոհ էին բանակցային գործընթացի ընթացքից»,- ասաց Մաքֆարլեյնը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ