11  06  2019

Փաշինյանի համար «Մարտի մեկի» գործը հաշվեհարդար տեսնելու համար է. Top-news.am

Փաշինյանի համար «Մարտի մեկի» գործը հաշվեհարդար տեսնելու համար է. Top-news.am

Top-news.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համար «Մարտի մեկի» գործը գործիք է քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու և քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար: Այսօր հանրության շրջանում, քաղաքագիտական շրջանակներում նման տեսակետի կարելի է հաճախ հանդիպել:

Մի պահ ենթադրենք, թե դա այդպես է և մի հռետորական հարց տանք. արդյոք նա կարող էր իրականացնել իր մտադրությունն առանց նրանց, ովքեր հանուն կարիերայի, հանուն պաշտոնական առաջխաղացման, հանուն ավելի լավ դիրքի պատրաստ չլինեին կատարել վերեւից եկող ցանկացած հանձնարարական:

Մի՞թե Ռոբերտ Քոչարյանին կարող էին ամիսներ շարունակ զրկել ազատությունից, եթե չլինեին անսկզբունքային կամակատարներ, որոնք հանուն նեղ անձնական շահերի պատրաստ են ոտնատակ տալ ամեն ինչ:

Արթուր Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում ցանկանում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել եւ կալանավորել պատգամավոր Փաշինյանին, իսկ հիմա վարչապետ Փաշինյանին հաճոյանալու համար տենչում է կրկին ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը չի՞ պատկերացնում, որ նույն Արթուր Դավթյանը մի օր, եթե նրան այդ հանձնարարականը եւ հնարավորությունը տրվի, կրկին ամեն ինչ անելու է իրեն կալանավորելու համար: 

Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հաշվեհարդարին ակտիվորեն լծվել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, անգամ վտանգեց Հայաստանի անվտանգությունը, հայ-ռուսաստանյան հարաբերությունները և փորձեց կալանավորել Յուրի Խաչատուրովին:

Հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցից պարզ է դառնում, թե ինչ նվիրումով է Փաշինյանին արժի ծառայություն մատուցում Սասուն Խաչատրյանը: Ի վերջո, եթե նա չհամաձայներ այս դերակատարմանը, ապա անգամ ամենախորը երազում իրեն ՀՔԾ պետի պաշտոնում չէր տեսնի:

Այնպես, ինչպես հեռավոր 1937-ին գտնվում էին քննիչներ, իրավապահներ, դատավորներ, որոնք հանուն առաջխաղացման, հանուն ղեկավարության աչքին բարձրանալու պատրաստ էին մարդկանց աքսորել, անգամ գնդակահարման վճիռներ արձակել:

Ցավոք, այսօր ևս այդ տեսակի պակաս չի զգացվում: Օրինակ, վերցնենք քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին, որի մասին, ի դեպ, նույնպես խոսվում էր հայտնի հեռախոսազրույցում: Պարզվում է, որ այս իրավապահը վերջին մեկ տարվա ընթացքում հարստացել է: Ոչ, նա արտերկրում ապրող քեռի չունի: Պարզվում է նա այգիներ ունի, որոնց բերքատվությունը, չգիտես ինչու, հենց այս տարի աճեց, այն էլ այնքան, որ թույլ տվեց կտրուկ ավելացնել Մուշեղյանի եկամուտները:

Հրաչյա Մուշեղյանն, իր այս տաղանդով, ոչ թե պետք է քննչական խումբ, այլ գյուղատնտեսության զարգացման հարցերով զբաղվի: 

Այս ամենը ոչ միայն տխուր է եւ ծիծաղելի, այլ վտանգավոր: Չի կարելի ջրի երես բերել նրանց, կարեւոր դիրքերում տեղաբաշխել նրանց, ովքեր ոտնատակ տալով պետական, մասնագիտական, գերատեսչական շահը, հանուն անձնական շահի պատրաստ են ցանկացած քայլի:

Ռոբերտ Քոչարյանը և նրա փաստաբանական թիմը այս կեղտոտ խաղից դուրս կգա հաղթանակած: Այս մասին պնդում են իրենց գործից հասկացող իրավաբանները: Մնալու են ծանր հիշողությունները եւ պետությանը եւ իրավապահի մասնագիտությանը հասցված ծանր վնասվածքները, որոնց ապաքինումը երկար, շատ երկար ժամանակ է պահանջելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ