10  06  2019

Փաշինյանը դատական իշխանությունը հանձնում է Տեր-Պետրոսյանին. Politik.am

Փաշինյանը դատական իշխանությունը հանձնում է Տեր-Պետրոսյանին. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Գագիկ Հարությունյանի հրաժարականից երկու շաբաթ անց հրաժարական տվեց խորհրդի մեկ այլ անդամ Գևորգ Դանիելյանը:

Այս հրաժարականներից հետո իշխանությունները լծվել են խորհրդի կազմ իրենց ներկայացուցիչներին գործուղելու պրոցեսին: Օրերս հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

Առաջադրումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ Գրիգոր Բեքմեզյանը նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է: Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ Գրիգոր Բեքմեզյանը Հայաստանի ազգային գրապալատի նախկին ղեկավար Հովհաննես Բեքմեզյանի և բանասեր Աստղիկ Բեքմեզյանի որդին է։ Նրա քույրն ամուսնացած է Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանի հետ։

Հիշեցնենք, որ այս առաջադրումից առաջ իշխող ուժը ստիպել էր նախագահ Արմեն Սարգսյանին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ թիմակցի՝ Վահե Գրիգորյանին առաջադրել Սահամանդրական դատարանի անդամ դատավորի թեկնածու: Ըստ իշխանության մեր աղբյուրների` Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ դառնալուց հետո իշխանությունները փորձելու են հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին և Գրիգորյանին նրա փոխարեն կառույցի ղեկավար դարձնելուն:

Գրիգոր Բեքմեզյանը ևս ԲԴԽ շարքային անդամ չի լինելու: Իշխանությունները Տեր-Պետրոսյանի այս մտերիմին պատրաստվում են դարձնել ԲԴԽ նախագահ: Նրա համար հենց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն է միջնորդել, ուստի հաջողությունը ապահովված կլինի:

Փաստորեն վարչապետ Փաշինյանը դատական իշխանությունը հոժարակամ հանձնում է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի թիմակիցներին: Պետք է նկատել, որ Տեր-Պետրոսյանի թիմը բավական ներկայացվածություն ունի նաև Ազգային Ժողովում, վարչապետի մամուլի խոսնակը ևս Տեր-Պետրոսյանի մտերմագույն անձանցից մեկն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ