05  06  2019

Նոր հավելվածով անգամ ինքներս մեզ չենք կարող գաղտնալսել. ԱԱԾ տնօրեն

Նոր հավելվածով անգամ ինքներս մեզ չենք կարող գաղտնալսել. ԱԱԾ տնօրեն

Հունիսի 5-ին՝ ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ գաղտնալսման հարցին՝ նշելով, որ իրենք նոր հավելված են օգտագործում, որի դեպքում անգամ եթե իրենք ուզենան գաղտնալսել իրենց, անհնարին կլինի։ Այն լրիվ հայկական պրոդուկտ է։ Գաղտնալսման գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալուց ԱԱԾ տնօրենը զերծ մնաց։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հետագայում եթե արդարացրեց իրեն՝ պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որը պետք է օգտվի դրանից:

Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով Մարտի մեկի գործին, հավաստիացրեց, որ  ՀՔԾ-ն եւ ԱԱԾ օպերատիվ մարմինները միմյանց հետ համագործակցելով իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ։

Հարցին, թե ԱԱԾ-ից անհետացած նյութերը արդյոք վերաբերում էին նաեւ «Մարտի 1»-ին եւ արդյոք այդ փաստով քրգործ հարուցվել է, նա պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ դա յուրահատկություններ պարունակոող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որեւէ կասկած որեւէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ այդ անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանքն է տարվում ԱԱԾ տեսչական եւ ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի եւ կփոխանցվի քննչական մարմին, որը կորոշի գլխավոր դատախազը: Եվ քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ տեղյակ է, թե ինչ նյութեր են ոչնչացվել, բայց չի կարող բացահայտել:

Անդրադառնալով փաստին, որ օրերս աշխատանքից հեռացել է ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը, ով Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ԱԱԾ տնօրենը նշեց, որ նա ԱԱԾ լավագույն սպաներից, գեներալներից է, ազնիվ գեներալ է։ Վանեցյանը նշեց, որ ազատման դիմումի մեջ նշված է եղել կենսաթոշակային տարիքը լրանալու և երկարաժամկետ ծառայության առիթով ազատվելու մասին։

Հարցին, թե կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում կլինե՞ն, Վանեցյանը պատասխանեց. «Իհարկե, պարոն Հարությունյանի տեղը պետք է նշանակվի նոր տեղակալ: Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետեւ օրենքն այլ լուծում թույլ չի տալիս»:

Պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Վանեցյանն ասաց,  որ ԱԱԾ-ին հատկացվող միջոցները բավականացնում են միայն նվազագույն պահանջմունքների բավարարմանը։ 

«Ինչ ունենք, դրանով էլ աշխատում ենք եւ կատարում մեր պարտականությունները։ Բայց ցանկալի կլիներ մշտապես արդիականացնել եւ բարելավել մեր տեխնիկական հնարավորությունները։ Տեխնիկան ամեն օր փոխվում է, արագ զարգանում, եւ խոսքը հսկայական միջոցների մասին է։ Մեկ փոքր գաղտնալսող սարքի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ դոլարի»,- գանգատցվեց Վանեցյանը։

Վանեցյանը զերծ մնաց կոնկրետ գումարներ նշելուց՝ ասելով միայն, որ չկա կոնկրետ թիվ, որը կարելի լիներ նշել եւ ասել, որ այդ միջոցները բավական կլինեին։ 

Կատարողականի քննարկմանը նա նշեց, որ 2018-ին Ազգային անվտանգության ծառայության պահպանման համար նախատեսվել է 20 մլրդ 372 մլն դրամ, փաստացի ծախսը՝ 19,522 մլն դրամ է, ծախսվել է մոտ 95-97%-ը․ 2018-ին ԱԱԾ պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե։  

Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները գործուղվում են ուսումնառության այլ երկրներ և միայն 2018-ին ԱԱԾ-ն 240 մլն դրամ է այդ նպատակով ծախսել։ 

«Եթե կարողանանք ստանալ ժամանակակից համալսարան, միայն ենթակառուցվածքների վրա պետք է ծախսվի մոտ  2 մլրդ դրամ, բայց երբ համեմատում ենք 240 մլն դրամ արտերկրում ծախսելու հետ օտարերկրյա պետություններ ուղարկելու համար, այդ գումարը մեծ չէ»։ 

Նրա խոսքով՝ այդպիսով կունենանք ավելի լավ պատրաստված սպաներ։

«Օգտվելով առիթից՝ կխնդրեմ, որ ԱԺ-ն աջակցի այս հարցի լուծմանը և պարո՛ն Ջանջուղազյան, 2020-ին մեզ տրամադրեք 2 մլրդ դրամ, որ կարողանանք մեր ուսումնական հաստատությունը կառուցել»,-նշեց Վանեցյանը նա՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզը հստակ կա, մնում է ֆինանսավորման հարցը լուծվի, և սկսեն շինարարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ