03 06 2019

Ընդդեմ Սորոսի ՎԵՏՕ շարժումը համալրվում է աջակիցներով

Ընդդեմ Սորոսի ՎԵՏՕ շարժումը համալրվում է աջակիցներով

«ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն են հայտնել դեղին բաճկոնավորների ցույցերի կազմակերպիչ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը եւ «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն:

Շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․ «Եվրոպայից Հայաստան ժամանած հայտնի «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչներից Քրիսը միանում է ՎԵՏՕ-ին.

«Ակնհայտ է, որ ՎԵՏՕ-ն անում է այն, ինչ մենք անում ենք Եվրոպայում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ հայերը մենակ չեն, բոլոր եվրոպական երկրների բնակչությունը նույնն է անում, ինչ դուք, պայքարում է այդ գլոբալիստների մաֆիայի դեմ»»:

 

«Ադեկվադ»-ի հայտարարությունը.

«Ադեկվադ» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն իր զորակցությունն է հայտնում ՎԵՏՕ հասարակական նախաձեռնությանը եւ վերահաստատում իր անդամների ելույթներում բազմիցս հնչած այն միտքը, որ օտարերկրյա գործակալների գործունեությունը Հայաստանում պետք է խստորեն վերահսկվի պետության կողմից: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ, որը զերծ կպահի ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա գործակալական ցանցի վնասաբեր ազդեցությունից, իսկ ՀՀ պետական հիմնարկները` դրանց ներթափանցումից:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, ինչպես նաեւ Հայաստանում գործող տասնյակ այլ հիմնադրամներ եւ ՀԿ-ներ հանդիսանում են օտարերկրյա օրակարգի սպասարկուներ: Օրակարգ, որը տարիներ շարունակ միտված է եղել հայկական պետականության քայքայմանն ու հասարակության պառակտմանը: Այդ գործունեության վառ դրսեւորում էր 2018թ. գարնանը Հայաստանում սկսված իշխանության զավթման գործընթացը:

Վերոհիշյալ կազմակերպությունները Հայաստանում կատարում են այն սեւ աշխատանքը, որն ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով` օտարերկրյա դեսպանատները չեն իրականացնում անմիջականորեն, այլ նախընտրում են գործել միջնորդների ներգրավմամբ: Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում այն, որ այդ կազմակերպությունների օրակարգը եւ հաճախ նույնիսկ հռետորաբանությունը կրկնում են Ադրբեջանի պետական կառույցների օրակարգն ու հռետորաբանությունը: Ըստ էության, նրանք գործում են հայատյացության ռազմավարության շրջանակներում:

Մենք հետեւողականորեն պայքարելու ենք, որպեսզի օտար պետությունները զերծ մնան Հայաստանի ներքին գործերին խառնվելուց` առաջին հերթին թիրախավորելով հենց այդ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին: Մեր հանրությունը պետք է տեղեկացվի այդ երկրների հայատյաց գործունեության տնտեսական հիմքերին եւ քաղաքական հաշվարկներին՝ հետագայում մեկընդմիշտ դրանցից ազատվելու նպատակով: Ըստ այդմ, մենք շարունակելու ենք քաղաքացիական, քաղաքական եւ այլ հարթակներում մերկացնել այդ կառույցներին, պետություններին, դրանց դեսպանատներին, աշխատակիցներին եւ տեղական կոլաբոռացիոնիստներին` շարքային քարոզչից մինչեւ ՀՀ Նախագահ եւ վարչապետ»:

«Ռամկավար Ազատական Կուսակցության պատասխանը «ՎԵՏՕ»-ի առաջարկած քաղաքական օրակարգին:

Հարգարժան պրն ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆ

Գոհունակությամբ եմ ստացել Ձեր նամակը, որում կոչ եք արել, հանուն «ՎԵՏՈ» հասարակական-քաղաքական շարժման, քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու ՀՀ-ում գործող քաղաքական ուժերի հետ, այդ թվում մեր՝ Ռամկավար Ազատական կուսակցության (ի դեպ՝ առանց լիբերալ դեմոկրատական բառակապակցության, որը մեր գաղափարախոսությունն է, բայց ոչ անունը) հետ։

Այսու ցանկանում եմ մեր կազմակերպության պատրաստակամությունը հայտնել համագործակցելու Ձեր եւ քաղաքական այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցել Ձեր նամակում նշված օրակարգի շրջանակներում։

Օգտվելով առիթից եւ բավարարելու համար Ձեր հետաքրքրասիրությունը, հայտնում եմ, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը, որի հայաստանյան կառույցի հիմնադիրներից եւ ակտիվ անդամներից մեկն եմ՝ սկսած 1991 թ.ից, բնավ ու երբեք ոչ նյութապես, ոչ էլ այլ ձեւով չի համագործակցել Ջորջ Սորոսի եւ սորոսականների հետ, լինելով բացառապես ազգային, հայակենտրոն եւ հայաստանակենտրոն քաղաքական ուժ։

Ինչ վերաբերում է մեր թերթին՝ «Ազգ»-ին, որի հիմնադիր խմբագիրն եմ արդեն 28 տարի, երբեւէ որեւէ նպաստ չի ստացել ոչ այդ եւ ոչ էլ օտարերկրյա նմանօրինակ որեւէ կազմակերպությունից։ Անուղղակի բացառություն է կազմում, թերեւս, որ մինչեւ 2010 թ., երբ մամուլի զարգացման հարցերով համագործակցում էինք Երեւանի Մամուլի ակումբի հետ, անձամբ հրավիրվել եմ մասնակցելու Թբիլիսիում, Մոսկվայում եւ Սոֆիայում տեղի ունեցող մամուլի միջազգային ֆորումներին, սակայն դժվարանում եմ այժմ ասել, թե Մամուլի ակումբի այդ նախաձեռնություններն ո՞ւմ կողմից էին ֆինանսավորվել։

Ընդհակառակը, մեր թերթը ձեռքից առիթը երբեք բաց չի թողել թարգմանաբար արտատպելու միջազգային մամուլում լույս տեսած հակասորոսական նյութեր ու հոդվածներ, որոնցից մեկն էլ եղել է նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունը Սորոսի՝ ահաբեկիչ լինելու փաստի վերաբերյալ։

Դարձյալ առիթն օգտագործելով տեղեկացնեմ Ձեզ, որ մեր կուսակցության երիտասարդ մի քանի անդամներ, բոլորն էլ իրավաբաններ, ներկայիս պատրաստում են օրենքի նախագիծ՝ Ձեր ներկայացրած օրակարգի 3-րդ կետին համահունչ, մասնավորապես հիմք ընդունելով ամերիկյան փորձը։

Հետեւաբար ավելորդ է ասել, որ ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցելու Ձեր շարժման եւ ազգայնական բոլոր մյուս ուժերի հետ։

Հաջողություն Ձեր գործին։

Բարեկամական ողջույններով՝

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ՌԱԿ ատենապետ»:

«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն՝ նախագահ Նարեկ Սամսոնյանի գլխավորությամբ միանում է ՎԵՏՕ-ի հունիսի 3-ին կայանալիք ակցիային՝ հետեւյալ հայտարարությամբ.

«Ֆեյսբուքի ուղիղ եթերով ես կամփոփեմ Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ խորհրդի նիստի արդյունքները, որի ընթացքում քննարկվելու է կազմակերպության ինստիտուցիոնալ ներգրավվածությունը ներքաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում:

Հայաստանի փողոցները իրական քաղաքացուն վերադարձնելու ժամանակը եկել է եւ ես վստահ եմ, որ մենք որպես կառույց այդ գործընթացում մեր անելիքները ունենք»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ