28  05  2019

Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, ե՞ս, թե Դուք. Ռուբեն Մելիքյանը՝ Վլադիմիր Կարապետյանին

Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, ե՞ս, թե Դուք. Ռուբեն Մելիքյանը՝ Վլադիմիր Կարապետյանին

Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է մայիսի 27-ի իմ գրառմանը, որում իմ հասցեին թույլ է տվել անպատեհ պիտակումներ, ինչպես նաև նենգափոխել է թե՛ իմ և թե՛ իր իսկ խոսքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1) Նախ, շնորհավորում եմ պարոն Կարապետյանին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

2) Պարոն Կարապետյանին տեղեկացնում եմ, որ, իր խոսքերով, «ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանի» աշխատանքից անմիջապես առաջ ես եղել եմ ՀՀ արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, անձնական ներդրում եմ ունեցել ՀՀ դատական իշխանության բարեփոխման գործում, և առնվազն այդ կարգավիճակի, իմ ներդրած ջանքերի ուժով ինձ լիարժեք բարոյական իրավունք եմ վերապահում ակտիվորեն հակազդել դատական իշխանության նկատմամբ իշխող քաղաքական ուժի անհեռանկար, անհեռատես քաղաքականությանը։

3) Պարոն Կարապետյանն ինձ «նվիրված» գրառման մեջ մեջբերում է իր հետևյալ խոսքերը. «[Վենետիկի] հանձնաժողովը օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին եւ նույնիսկ վեթինգին»։ Այո, այլ երկրներում «նույնիսկ վեթինգին» աջակցել է։ Մինչդեռ Արմենպրեսի լրատվական նյութում (որին ես հղում եմ կատարել) Վարչապետի խոսնակը խոսում է ոչ թե այլ երկրներում Վենետիկի հանձնաժողովի փորձի, այլ Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին. «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ «վեթինգի» իրականացման հարցում»։ Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան։ Ե՞ս, թե Դուք։ Նամակում իրոք տեղեկացվում է, որ նախկինում Վենետիկի հանձնաժողովն այլ երկրներում աջակցել է դատական բարեփոխումներին և «նույնիսկ վեթինգին»։ Բայց նամակի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամությանը վերաբերող պարբերությունում «վեթինգ» բառը պարզապես բացակայում է։ Իսկ Դուք, պարոն Կարապետյան, «Արմենպրեսի»-ին տված հարցազրույցում պնդում եք, որ պատրաստակամություն են հայտնել մեր երկրում աջակցել վեթինգին։ Ստու՞մ եք, սխալվե՞լ եք, թե՞ լրատվամիջոցն է Ձեր խոսքը սխալ ներկայացրել։

4) Պարոն Կարապետյանն ինձ «նվիրված» գրառման մեջ պնդում է, թե իբր ես ասել եմ, որ նամակում վեթինգի մասին չի խոսվել։ Սուտ է։ Նման պնդում ես չեմ արել։ Ես պնդել եմ, որ Հայաստանում վեթինգին աջակցելու պատրաստակամություն չի հայտնել և վերահաստատում եմ պնդումս։ Վեթինգի մասին նամակում իրոք խոսվում է, այն էլ երկու անգամ, բայց այլ համատեքստում. (ա) Բուքիքիոն ծանոթ է Փաշինյանի կոչերին իրականացնելու «նույնիսկ վեթինգ», (բ) Վենետիկի հանձնաժողովը նախկինում ունեցել է փորձ աջակցելու «նույնիսկ վեթինգին»։ Ավելին, այս երկու տեղերում վեթինգի մասին խոսելուց հետո Հայաստանին աջակցելու «պատրաստակամությանը» վերաբերող հատվածում «վեթինգին» աջակցելու ուղիղ հանձնառությունից ձեռնպահ մնալը շա՜տ խոսուն է։

5) Ես ընդդիմադիր չեմ, պարոն Կարապետյան։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և երբեւէ չեմ եղել։ Իսկ կոնկրետ խնդրո առարկա հարցում, այո՛, ես ընդդիմախոս եմ։ Պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ մայիսի 19-20-ի հակասահմանադրական գործողությունները պարզապես խայտառակություն էին մեր պետականության համար, որոնց դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու, իսկ սևը սպիտակ ներկայացնելու մանիպուլյացիոն փորձերն ուղղակի դատապարտված են անհաջողության։

Հ.Գ. Ինձ անվանում եք «վայ պաշտպան»։ Մյուս անգամ երբ Ստեփանակերտում կլինեք, պարզապես պատահական մարդկանց հարցրեք իմ շուրջ 2,5 տարվա աշխատանքի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ