27  05  2019

«Ադեկվադ» ՀԿ-ն դառնում է կուսակցություն

«Ադեկվադ» ՀԿ-ն դառնում է կուսակցություն

«Ադեկվադ» հասարակական կազմակերպություն հայտարարել է նույնանուն կուսակցություն հիմնելու մտադրության մասին։ Կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և խնդիրների առջև: Այդ խնդիրներն օրեցօր խորանում են ներկայիս քաղաքական համակարգի և այդ համակարգի առանձին վերցրած գործոնների ու կառույցների հանցավոր անգործության և վերոհիշյալ մարտահրավերներին ադեկվատ արձագանք տալու անկարողության պատճառով:

Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մենք փոքրամասնություն ենք, բայց չկա հարմարվող փոքրամասնություն: Հարմարվողը ձուլվում է մեծամասնությանն ու անհետանում: Փոքրամասնությունը պետք է լինի գերակայող, կամ չլինի առհասարակ: Մենք, ըստ այդմ, դատապարտված ենք կատարելագործվելու, լինենու ամենից լավ և բարձրանալու ամենից վեր:

Այս իրապես համամարդկային առաքելությունը ստանձնելու համար մեզ անհրաժեշտ է կերտել անառիկ ամրոց հանդիսացող ազգային պետություն: Պետություն, որը կկարողանա ապահովել՝

1. մարտունակ բազմաշերտ պաշտպանիչ ենթակառուցվածքներ,

2. դրական ժողովրդագրական դինամիկա,

3. պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար,

4. վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին դերակատարների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն:

Վերոհիշյալ մարտավարական գերակայություններին հասնելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել բարեփոխումների լայնածավալ ծրագրեր պետականությանն առնչվող բոլոր ոլորտներում; Այդ ծրագրերին առավել մանրամասն անդրադարձ է կատարվել մեր Մանիֆեստում:

Դրված խնդիրներն արդյունավետ և համապարփակ լուծելու համար անհրաժեշտ է լայն գործիքակազմ: Հաշվի առնելով ներկայիս քաղաքական համակարգի սնանկությունը` օրհասական ենք համարում նախաձեռնել սեփական քաղաքական միավորի ստեղծումը: Միավոր, որը կառաջարկի համարժեք լուծումներ ու հնարավորություն դիմակայել առկա վտանգներին:

Մենք գիտակցում ենք, որ ինչպես նախկինում, այնպես ապագայում մեզ փորձելու են վարկաբեկել, խոչընդոտել, լռեցնել բոլոր հնարավոր օրինական և ապօրինի միջոցներով, քանի որ պետությունը թուլացնող, պառակտող և բարոյազրկող բոլոր ուժերը վտանգ են տեսնում մեր գաղափարական հայացքները կրող անձանց մեջ:

Եթե պետականությանը սպառնացող նկարագրված վտանգները ձեզ համար էլ են ակնառու, եթե դուք նույնպես գիտակցում եք ներկայիս զարգացումներից անմասն չմնալու պատասխանատվության կարևորությունը, ապա դուք մեզնից մեկն եք և այսուհետ ի դեմս մեզ ներկայացված կլինեք քաղաքական կյանքում: Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը: Միացեք «Ադեկվադ» կուսակցությանը:

«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ՝

Ազատ Ադամյան

Արթուր Դանիելյան

Գրիգոր Մինասյան

Լիլիթ Թումանյան

Կոնստանտին Տեր-Նակալյան

Սամվել Թադևոսյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ