27  05  2019

Ադրբեջանցի լրագրողն օգնում է, որ խելքներս գլուխներս հավաքենք

Ադրբեջանցի լրագրողն օգնում է, որ խելքներս գլուխներս հավաքենք

Top-news.am-ը գրում է․ «Քննադատել, հայհոյել, անիծել, սպառնալ ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին պետք չէ: Ընդհակառակը, նրան պետք է շնորհակալություն հայտնել հիպնոզի մեջ գտնվող մեր ժողովրդին կամ գոնե մի մասին սթափեցնելու մասին:

Գրելով, թե Հայաստանի եւ Արցախի միջեւ պատերազմ է, ադրբեջանցի լրագրողը մեզ օգնում է, որ ժողովրդի լեզվով ասած, խելքներս գլուխներս հավաքենք:

Եւ չպետք է կենտրոնանանք ոմն Ջիվանի վրա, որը Հայաստանի համար խորհրդանշական Ազատության հրապարակում սպառնաց «ցխել» Արցախի հավաքական կերպար, Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը:

Ոմն Ջիվանի վրա չպետք է կենտրոնանալ, նրան ընդամենը պետք է պատժել, խիստ պատժել օրենքի ամբողջ խստությամբ, որ նա եւ նրա նման մտածողները հասկանան, թե ինչ է նշանակում սպառնալ մի մարդու, որը Արցախն է ներկայացնում, որը, մեղմ ասած, քիչ բան չէ արել Արցախի ազատության համար:

Մենք պետք է հասկանանք, թե ինչ եղավ, ինչ արեցղինք, ինչպես եղավ, որ ադրբեջանցի լրագրողն իրեն թույլ է տալիս նման վերնագիր օգտագործել, իսկ իր մակարդակով գետնից էլ ցածր մի ոմն Ջիվան սպառնա Արցախի նախագահին, այն էլ քաղաքի կենտրոնում, այն էլ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքում:

Մենք հերթական անգամ ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք: Մենք ընդամենը պետք է ընդունենք, խոստովանենք, որ այս ամենը չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չհայտարարեր «որոշ ուժերի կողմից դավադիր պատերազմի ու հողեր հանձնելու» մասին, եթե կոչ չաներ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե այդ հայտարարությունից հետո նրա մերձավոր շրջապատը փորձեր արագ շտկել վրիպումը, եթե դրանից շատ առաջ չսկսեին վարկաբեկել Արցախի պատերազմի հաղթանակը կերտողներին, նրանց չդարձնեին մեղադրյալ եւ օրումեջ չկանչեին հարցաքննությունների, եթե քաղաքական հետապնդման չենթարկեին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Մենք պետք է պետություն ունեցող ազգի մտածելակերպ, մտածողություն, հոգեբանություն ձեռք բերենք, որ կարողանանք ճիշտ կողմնորոշվենք եւ դադարենք ապրել այնպես, ինչպես ապրում էինք այն ժամանակ, երբ պետություն չունեինք, երբ մտել էինք գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մեջ եւ այնտեղից դուրս չէինք գալիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ