18  05  2019

Ղրղզստանի նախագահը կարող էր միջնորդել, իսկ Արցախինը՝ ո՞չ

Ղրղզստանի նախագահը կարող էր միջնորդել, իսկ Արցախինը՝ ո՞չ

Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բառացիորեն ասել է. «Ես պաշտոնական, բանավոր, ոչ թե գրավոր, բայց պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է, ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոցը ընտրվի ոչ կալանքը, այլ որեւէ այլ խափանման միջոց»:

Բոլորս գիտենք, որ Խաչատուրովը չկալանավորվեց։ Եվ դա ճիշտ էր։

Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը.

«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում։

«Բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - նշել է վարչապետը։

Հետաքրքիր է իմանալ՝ նույն հարցը նա տվե՞լ է Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ղազախստանի ղեկավարներին, այլոց, թե՞ Հայաստանում արդեն ավելի մեծ հարգանք ունեն նրանք, քան Արցախի երկու նախագահները՝ պատերազմի հերոսները։

Նախորդ երկու օրերին սոցցանցերում ինչ-որ ուժեր բառիս բուն իմաստով խաչակրաց արշավանք էին ձեռնարկել Արցախի նախագահների եւ Արցախի հանդեպ ընդհանրապես։ Բացե՛ք ձեր աչքերը, միացրե՛ք ձեր ուղեղները։

Ֆեյքերը եւ նրանց ուղղորդողներն էլ թող փորձեն հասկանալ, թե ինչու այն ժամանակ այսպիսի ջերմեռանդությամբ, ոգեւորությամբ չհարձակվեցին Տաջիկստանի ժողովրդի եւ նրա նախագահ Ռահմոնի, Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ ղազախստանցիների, մյուսների վրա:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ