17  05  2019

Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ

Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ

Top-news.am կայքը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» դատավարության առաջին իսկ օրերն ապացուցեցին, որ գործ ունենք մաշեցնող մի գործընթացի հետ, որը կարող է ոչ թե ամիսներ, այլ տարիներ տևել: Ի՞նչ է պետք անել: Շաբաթ օրը՝ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Նա պետք է լինի ազատության մեջ:

Դատական նիստերը տևելու են երկար, շատ երկար, հոգնեցնող և մաշեցնող երկար, իսկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը կթուլացնի, գուցե կվերացնի այն լարվածությունը, որն առկա է, և որը գնալով թափ է հավաքում:

Մեր երկրի հակառակորդները հրաշալի են օգտվում այս դատավարությունից, խորացնում հասարակությունում առկա պառակտումը, այն փորձում վերածել թշնամանքի, իսկ որ ամենավատն է՝ արհեստական բաժանում են մտցնում արցախցիների և Հայաստանի մյուս մարզերի բնակիչների միջև:

Սրան պետք է վերջ տրվի: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, որից հետո հանրության համակ ուշադրության ներքո կշարունակվի դատավորությունը: Անշուշտ, մարտի 1-ի հետ առնչվող հիմնական հարցերից և ոչ մեկի պատասխանը մենք չենք ստանա, քանի որ մեղադրական կողմը բոլորովին այլ խնդիր է փորձում լուծել:

Հանրությունն այս դատավարության ընթացքում այդպես էլ չի ստանալու հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ եղավ այս ողբերգությունը, ի՞նչ պետք էր անել արյունահեղությունից և ողբերգությունից խուսափելու համար, ով ինչ պատասխանատվություն ուներ, ով ինչ արեց ողբերգությունն արագացնելու կամ կանխելու համար:

Անկասկած, գալու է այն ժամը, երբ դատավարության մասնակիցները տեղերով փոխվելու են: Եւ եթե մենք կանգ չառնենք, չսթափվենք, մենք այդպես էլ մնալու ենք 2008թ. մարտի 1-ի մեջ և դուրս չենք գալու:

Իսկ առայժմ, մինչեւ վերջնական սթափվելը պետք է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Պետք է փոխել ոչ միայն այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը դատավորությունից խուսափելու որեւէ մտադրություն չունի եւ չի փորձելու ճնշում գործադրել վկաների վրա, այլ նաեւ մեկ այլ կարեւոր պատճառով:

Արցախի ներկա և նախկին նախագահները միջնորդել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի: Միջնորդել են երկրորդ անգամ: Եւ եթե հանկարծ դատավորը ենթարկվելով ուղղակի և անուղղակի ճնշումների չփոխի խափանման միջոցը, ապա հարված կհասցնի մեր ժողովրդի մի հատվածին՝ արցախցիներին:

Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի, նրա խափանման միջոցը պետք է փոխվի: Սա բխում է մեր պետության և ժողովրդի շահերից: Դատավորը չպետք է տուրք տա աղմկարար, ղժղժան մի փոքրիկ խմբի աղմուկ-աղաղակին և պետք է առաջնորդվի իրավունքով և մեր պետության ու ժողովրդի շահերով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ